Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) «Առաջին լրատվականի» հետ զրույցում, խոսելով այսօր հայկական բանակում տիրող վիճակի մասին, նշեց, որ այս հարցը մեր ազգային անվտանգությանն է վերաբերում, քանզի շրջապատված լինելով թշնամիներով՝ նման խնդիրները մեզ խոցելի են դարձնում:
Կոմանդոսը նկատեց, որ բանակում կատարվող դեպքերի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումների միջոցով տեղեկանում են նաև մեր հարևանները, ինչը վտանգավոր է, այդուամենայնիվ Կոմանդոսը կողմ է, որ լրատվամիջոցները լուսաբանեն բանակում տեղի ունեցող դեպքերը. «ԶԼՄ-ները կարողանում են ազդել տարբեր կառույցների և հասարակության վրա»:
Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ համեմատած այն անպատժելիության մթնոլորտի հետ, որը կա մեր հարևան երկրների բանակներում, Հայաստանում իրավիճակը բարենպաստ է: Նրա տեղեկացմամբ՝ այս տարվա ընթացքում ադրբեջանական բանակում 70 զինծառայող է մահացել, որից 50-ը ադրբեջանական ղեկավարությունը ներկայացնում է, թե մահացել են հայ դիպուկահարների գնդակից, սակայն Կոմանդոսը վստահեցրեց, որ այդ զոհերն իրականում լինում են անվերահսկելի մթնոլորտից, որը կա ադրբեջանական բանակում:
Հարցին, թե արդյոք բանակում կատարվող դեպքերի լուծման համար հրաժարականներն անհրաժե՞շտ են, մասնավորապես Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ինչպե՞ս է գնահատում, Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց. «Մենք պետք է լուծենք այն խնդիրը, որն առկա է բանակում, և որի պատճառով ընդհարումներ են լինում, իսկ եթե Սերժ Սարգսյանին հանեցինք և նրա փոխարեն բերեցինք մեկ ուրիշին, դրանից այդ իրավիճակը չի փոխվի»:
Տեր-Թադևոսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը պարզապես պետք է միջամտի այս իրավիճակին և արդեն իսկ անում է նման քայլեր:










































