Իրանի արտաքին գործերի նախարար Ամմիր Աբդոլահիանը ժամանել է Թուրքիա, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի արտգործնախարարի հետ եւ կքննարկի մերձավորարեւելյան իրավիճակը: Իրանի արտաքին գործերի նախարարը ծրագրում է նաեւ այց Կատար եւ հանդիում այդ երկրի արտգործնախարարի հետ, մերձավորարեւելյան օրակարգով: Իսկ այդ օրակարգում, Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմից զատ, համենայն դեպս նշմարվում են նոր թեժացման միտումներ, որոնք կարող են ունենալ խորը քաղաքական հետեւանքներ: Ընդամենը ամիսներ առաջ համաշխարհային իրադարձությունների շարքում նշանակալիցներից մեկը իրան-սաուդական հարաբերության կարգվորման գործընթացն էր, որ մեկնարկեց Չինաստանի հովանու ներքո, իսկ կողմերը ընդհուպ կայացրին դեսպանատներ բացելու որոշում, սկսեցին փոխայցեր:
Այսօր սակայն ռեգիոնում ծավալվում են զարգացումներ, որոնք կարող են վտանգի տակ դնել այդ իրողությունը եւ բերել նոր լարվածության: Համենայն դեպս, այդ ռիսկերը առաջացել են այն բանից հետո, երբ զինված բախում է եղել Սաուդյան Արաբիայի ու Եմենի սահմանին, եւ հուսիները սպանել են սաուդցի 4 զինծառայողի: Ըստ միջազգային մամուլի տարածած տեղեկության, Սաուդյան Արաբիայի բանակը բերվել է բարձր պատրաստականության: Օրերս էլ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն էր մեկնել Վաշինգտոն: Ինչպես հայտնի է, հուսիները վայելում են Իրանի աջակցությունը, հետեւաբար Սաուդյան Արաբիայի հետ լարումը մեծանալու պարագայում կմեծանա իրան-սաուդյան վերականգնվող կապի խզման վտանգը, ինչը ոչ միայն կարող է խնդիր լինել Իրանի համար, այլ ընդհանրապես կարող է հարվածի տակ դնել Չինաստանի կառուցած կամ կառուցվող ռեգիոնալ մեծ խաղը, որի հարցում իրան-սաուդական հարաբերությունը անկասկած լինելու էր առանցքային հանգամանքներից մեկը:
Մյուսը՝ արաբական աշխարհի հարաբերությունների կարգավորումն է, որ դրսեւորվեց նաեւ Կատարի հանդեպ բոյկոտի վերացումով եւ համատեղ աշխատանքի վերսկսումով, նաեւ այդ համատեքստում Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ Չինաստանի եւ արաբական աշխարհի պետությունների վեհաժողովը: Իհարկե, թե Կատարի, թե Թուրքիայի հետ Իրանն ունի մերձավորարեւելյան ռեգիոնին առնչվող հարցերի բավականին լայն օրակարգ, բայց թե Անկարան, եւ թե Դոհան անշուշտ այդ շարքում էական սուբյեկտներ են նաեւ հենց սաուդական հնարավոր «թնջուկի» պարագայում, եթե այն շարունակի ունենալ ծավալում եւ խորանա Եմենի հուսիների հետ կոնֆլիկտը:
Հուսիները հայտարարել են Պաղեստինին աջակցելու մասին: Պաղեստինին աջակցում է նաեւ Սաուդյան Արաբիան, սակայն Էրր Ռիյադը միեւնույն ժամանակ թերեւս որեւէ կերպ շահագրգռված չէ հայտնվել այնպիսի դիրքում, որը առճակատում կենթադրի Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ: Բայց, մյուս կողմից, Էր Ռիյադին հազիվ թե բավարարի Իրանի հետ նոր առճակատման հեռանկարը, առավել եւս, որ դա կենթադրի նաեւ Չինաստանի դժգոհության հարուցում: Բոլոր դեպքերում, այս հանգամանքը եւս վկայում է, որ Իսրայել-Համաս ձեւաչափով տեղի ունեցող պատերազմը գործնականում մերձավորարեւելյան մեծ ռեգիոնում տեկտոնական շարժերի «այսբերգի տեսանելի մասն է» միայն, եւ Հայաստանը ունի թերեւս անտեսանելի մասը ուշադրության կենտրոնում պահելու մեծ անհրաժեշտություն:









































