Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն այսօր «Իրավիճակը հայկական բանակում» թեմայով քննարկման շրջանակներում անդրադարձավ զինված ուժերի ոլորտում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը միտված են համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ և պարտավորված են իրականացնել բարեփոխումներ` ապահովելով բանակում քաղաքացիական վերահսկողություն, պաշպանության համակարգերում բարեփոխումներ, թափանցիկություն, գնումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:
Կիրակոսյանը նշեց, որ այս պարտավորություններն ամրագրված են Հայաստանի և ԵԱՀԿ-ի համապատասխան համաձայնագրերում, ՆԱՏՕ-ի հետ ունեցած համագործակցության համաձայնագրերում և միջազգային այլ փաստաթղթերում:
Ռիչարդ Կիրակոսյանը ներկայացրեց հինգ առաջարկություն պաշտպանության նախարարությանը, որոնց կատարման դեպքում շատ հավանական է, որ վերացվեն առկա խնդիրները բանակում: Կիրակոսյանի առաջին առաջարկը ենթադրում է ստեղծել ՀՀ ԶՈՒ-ի նոր ինստիտուտ, որը կզբաղվի սպայական անձնակազմի վերապատրաստմամբ, ինչն, ըստ բանախոսի, կհանգեցնի կարգապահության և հարաբերությունների տարանջատման:
Կիրակոսյանի երկրորդ առաջարկը վերաբերում է զինծառայողների և սպայական կազմի համար ընդհանուր կարգապահական կանոնագրքի ընդունմանը. «Սա միասնական կանոնագիրք է, որը վերաբերում է բանակի բոլոր բաղադրիչներին` միաժամանակ ապահովելով քաղաքացիական հասարակության ակնկալիքները: Սա կարող է ընդգրկել մոնիտորինգ, ստուգումներ, զինվորական վարքի և էթիկայի սահմանում: Սա կարգապահության բոլոր նորմերի խթանումն է` միաժամանակ կանխարգելելով այն դեպքերը երբ անձնական շահերից ելնելով խախտվում է կարգապահությունը»:
Ռիչարդ Կիրակոսյաը նաև առաջարկեց բարեփոխել ռազմական կարիերայի ձևավորման համակարգի բարեփոխումները: Նա նշեց, որ այսօր ռազմական կարիերան հիմնված չէ տվյալ անձի արժանիքների, հետագա կարողությունների վրա. «Սպան պետք է իրավունք ստանա ավելի բարձր կոչում ստանալու, եթե կարողացել է ցույց տալ, որ ունի մեծ ունակություններ, արժանիքներ և դրանք զարգացնելու ցանկություն: Գնահատման ստանդարտներ պետք է ամրագրվեն: Հրամանատարի կոչումը պետք է վաստակես, դա նվեր չէ»:
Կիրակոսյանը նաև առաջարկեց ռազմական ուժերում օմբուդսմենի ինստիտուտ ստեղծել:
Կիրակոսյանի հինգերորդ առաջարկը վերաբերում էր ԼՂՀ-ում հայկական զինված ուժերի կարգավիճակի հստակեցմանը:
Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ այն բացասական երույթները, որոնք այսօր կան հայկական բանակում, կարգապահության, քաղաքական կամքի , անպատժելիության, գաղտնիության և սպայական կազմի թերի պատրաստվածության պատճառով են տեղի ունենում: Նա նկատեց, որ ներկայումս այս քննարկման միջոցով իրենք փորձում են համագործակցել պատկան մարմինների հետ` կանխարգելելու ստեղծված իրավիճակը, սակայն եթե դա չստացվի, ապա քաղաքացիական հասարակությունը ստիպված կլինի պատասխանատվության կանչել բարձրաստիճան պաշտոնյաների. « Այդ պարագայում շատերը, օրինակ`պարոն Խաչատուրովը կհայտնվի այնպիսի իրավիճակում, որ ավելի անկեղծ խոստովանություններ կանի»:










































