«Այս որոշումը ուղղակիորեն կարող է սպանել ՀՀ փոքր գետերի էկոհամակարգը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը` անդրադառնալով «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրին»:
«Հայաստանում ունենք 9000-ից ավելի փոքր և մեծ գետեր, իսկ հիմնական վտանգը սպառնում է փոքր գետերին: Դրանցից շատերը հնարավոր է՝ անուններ չունենան, սակայն իրենց դերը կատարում են լանդշաֆտային էկոհամակարգի պահպանման գործում, իսկ դրանք կարող են ուղղակի վերանալ: Երբ կառուցվում է հէկ, ջրազրկվում է տվյալ տարածքը: Սա նաև վնաս է հասցնում գյուղացիներին. եթե դաշտի տարածքում ջուր չլինի, ինչպես պետք է պահպանեն և ոռոգեն հողը: Այն համայնքի բնակիչները, որտեղ պետք է նոր հէկեր կառուցվեն, սարսափի մեջ են, քանի որ աշխատատեղ չկա, հէկը նոր աշխատատեղ չի պահանջում:
Սա միայն փող է, բիզնես, որը ռիսկ չունի, քանի որ 15 տարով ապահովված է: Եվ պատահական չէ, որ միջազգային շատ կազմակերպություններ և բանկեր պորտֆելներ ունեն փոքր հէկերում: Սա մաքուր բիզնես է, և ովքեր կանգնած են այս բիզնեսի մեջքին, մեծ շահ ունեն: Այս ծրագիրը Հայաստանի տնտեսությանը ոչինչ չի տա, բնակչությունը սրանից ոչ մի շահ չունի»,- նշել է Ինգա Զարաֆյանը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը»:









































