Այսօր Երևանի Կարապի լճի շրջակայքում ԵՊԼՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողադասախոսական կազմը նշեց չին ժողովրդի ամենակարևոր տոներից մեկը` Լուսնի տոնը: Միջոցառմանը իրենց բացման խոսքով հանդես եկան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը և ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանի առաջին խոհրդական Սին Ֆան Ֆանը, ովքեր իրենց խոսքում բարձր գնահատեցին հայ-չինական հարաբերությունների սերտացումը նմանատիպ միջոցառումների միջոցով:
Ինչպես նշեց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը, հայ ժողովուրդը պետք է ճանաչի նաև չին ժողովրդի տոները, որպեսզի կապերն ավելի ամրապնդվեն: Նրա խոսքով` այս ինստիտուտը տարածաշրջանում առաջինն է և շատ արդյունավետ աշխատանք է իրականացնում:
Միջոցառմանը ներկա Սին Ֆան Ֆանը հանդիսատեսին ներկայացրեց Լուսնի տոնը` մանրամասնելով, որ այն Չինաստանում անվանում են «չունցյու», որը, ըստ լուսնային օրացույցի, նշվում է 8-րդ ամսի 15-րդ օրը:
Նշենք, որ «չունցիու»-ն կոչվում է միջին աշուն: Տոնն առաջացել է դեռևս Թան արքայատոհմի գահակալության օրոք և կարևորագույն տեղ է զբաղեցնում չինական օրացույցում, քանի որ այն համարվում է Լուսնի աստծուն երկրպագելու օր:
Ըստ ավանդույթի` չինացիները տոնակատարության ժամանակ համտեսում են քաղցր կարկանդակներ և ընթերցում բանաստեղծություններ լուսի լույսի ներքո, որն այդ օրը ամենապայծառն է: Այս օրերին Չինաստանում ամենուրեք կարելի է գտնել լապտերիկներ, որոնք երեկոյան ժամերին լուսավորում են հանրային այգիներն ու մարգագետինները:
ԵՊԼՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողները ևս, տոնի ավանդույթի համաձայն, ընթերցեցին բանաստեղծություններ, երգեցին ժողովրդական երգեր և ներկայացրին չինական մարտարվեստը երաժշտության ներքո:
Տեղեկացնենք, որ Կոնֆուցիոսի ինստիտուտը ստեղծվել է ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում և գործում է 2009 թվականի փետրվարի 26-ից: ԵՊԼՀ-ի Կոնֆուցիոսի ինստիտուտը, ինչպես ասաց ինստիտուտի հայաստանյան կողմի տնօրեն Նաիրա Գրիգորյանը, կոչված է բարձրացնելու չինարեն լեզվին և մշակույթին իրազեկությունը, ամրապնդելու համագործակությունը Չինաստանի և Հայաստանի միջև:









































