2011 թ. հոկտեմբերի 6-ին, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի նախաձեռնությամբ, Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային համաժողով «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները. ենթակառուցվածքներ և կարգավորում» թեմայով:
Համաժողովը ուշագրավ է նրանով, որ այն ֆոնդային բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների երկու տարածաշրջանային միությունների՝ Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի և ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների ասոցիացիայի առաջին միացյալ միջազգային համաժողովն է:
«Առաջին լրատվական»-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայից հայտնեցին, որ այս փաստը արտացոլվել է համաժողովի թեմայում՝ «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները. ենթակառուցվածքներ և կարգավորում», քանի որ միայն բոլոր ենթակառուցվածքների և կարգավորողի ակտիվ համատեղ ջանքերը կարող են նպաստել տեղական և փոքր շուկաների գլոբալ հնարավորությունների իրացմանը:
Համաժողովը նախատեսում է ներգրավել ԱՊՀ երկրների և Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների և ֆոնդային բորսաների ղեկավարների և բարձր պաշտոնյաների, ֆինանսական ծառայությունների ոլորտի կարգավորողների ներկայացուցիչների և բարձր մակարդակի այլ փորձագետների:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են բորսաների և դեպոզիտարիաների համագործակցության, արժեթղթերի շուկաների զարգացման և միջազգայնացման տեխնիկական, օրենսդրական և կարգավորման հարցերը, ինչպես նաև լոկալ շուկաների միջազգային շուկա մուտք գործելու հնարավորությունները:










































