Իրանը հերքել է այն տեղեկությունները, թե «Համաս»-ի հարձակումից առաջ իրանցի և արաբ պաշտոնյաների միջև Լիբանանում գաղտնի հանդիպումներ են տեղի ունեցել։ Ըստ իրանական կողմի՝ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի վրա հարձակմանը, Պաղեստինի ղեկավարությունն ինքնուրույն է որոշումներ կայացնում։ Այս մասին Amwaj.media հարթակին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը՝ հերքելով այն հաղորդումները, թե ԻՀՊԿ-ի «Ղուդս» ստորաբաժանումը մասնակցել է «Համաս»-ի որոշումների կայացման գործընթացին։
«Պաղեստինյան դիմադրության որոշումները լիովին անկախ են և անշեղորեն համապատասխանում են Պաղեստինի ժողովրդի օրինական շահերին: Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, այնուամենայնիվ, չենք մասնակցում Պաղեստինի պատասխան գործողություններին, քանի որ դրանք ընդունվում են բացառապես հենց Պաղեստինի կողմից», – ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարությունում։
Հայտարարությունում նաև նշվում է, որ Իսրայելի վրա հարձակմանը Իրանի մասնակցության մասին հաղորդումները կարող են մեկնաբանվել որպես իսրայելական կառավարության փորձեր՝ «արդարացնելու իրենց ձախողումը և այն վերագրելու Իրանի հետախուզական հզորությանը և օպերատիվ պլանավորմանը»:
Amwaj.media-ն հիշեցնում է, որ Իրանի գերագույն ղեկավարի քաղաքական խորհրդատու Ալի Շամխանին նույնպես հոկտեմբերի 8-ին «Համաս»-ի հարձակումը որակել էր որպես «անկախ շարժում»՝ միևնույն ժամանակ այն անվանելով «վճռական գործողություն» և «հանցավոր ռեժիմի դեմ օրինական պաշտպանության իսկական օրինակ»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 8-ին իր հերթին CNN-ի եթերում նշել է, որ առայժմ հստակ չէ, որ Իրանը ներգրավված է եղել Իսրայելի դեմ հարձակմանը։
«Մենք դեռ չենք տեսել ապացույցներ, որ Իրանն ուղղորդել է կոնկրետ այս հարձակումը կամ կանգնած է եղել դրա հետևում», – ասել է Բլինքենը։







































