Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, ասելով, որ Արցախում ռազմական գործողություններից հետո Ադրբեջանը վստահելի գործընկեր չէ: Լավ բան է ասում Ռոբերտա Մեցոլան, բայց ո՞րն է այդ խոսքերի արժեքն ու իմաստը: Այդ խոսքերը կունենան իմաստ, եթե նա իր ղեկավարած կառույցում նախաձեռնի բանաձևի ընդունում, որը պարտադիր կլինի Եվրահանձնաժողովի համար: Ադրբեջանի հետ գազային պայմանագիր կնքել է Եվրահանձնաժողովը, դրա նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լյայենը անձամբ էր մեկնել Բաքու, անձամբ, իր շուրթերով է հայտարարել, որ Ադրբեջանն էներգետիկ վստահելի գործընկեր է: Եվրահանձնաժողովը ձևավորվում և գործում է Եվրախորհրդարանի վերահսկողությամբ, դրա սահմանած բանաձևերով, բանաձևերով և այլն,առաջնորդվում դրա ընդունած ու մշակած ուղենիշներով: Եվրահանձնաժողովը,այսինքն գործադիր մարմինը, ենթակա է Եվրախորհրդարանին՝ օրենսդիր մարմնին:
Հետևաբար, երբ Եվրախորհրդարանի նախագահը ասում է, թե չպետք է գազ գնեն Ադրբեջանից, որովհետև այն հուսալի գործընկեր չէ, ապա այդ խոսքերի փոխարեն, կամ առնվազն դրանից հետո, պետք է նախաձեռնի այդպիսի բանաձևի ընդունում, ընդ որում ոչ թե խորհրդատվական բնույթի, այլ պարտադիր կատարման ենթակա: Անցնող ամիսներին Եվրոպայի խորհրդարանը ընդունել է Ադրբբեջանին դատապարտող մեկը մեկից տպավորիչ բանաձևեր, սակայն դրանք բոլորն ունեցե; են խորհրդատվական բնույթ և որևէ կերպ չեն փոխել Եվրամիության գործադիր մարմնի մոտեցումներն ու աշխատանքը Բաքվի հետ:
Ստացվում է, որ խորհրդարանական «թևը» ընդամենը Հայաստանի ականջը շոյելու համար է, մինչ մյուս ձեռքով գործադիր թևը կարևոր պայմանավորվածություններ է կնքում Բաքվի հետ, ընդ որում լավ իմանալով նաև,որ Ադրբեջանը ըստ էության դարձել է նաև ռուսական գազի հանդեպ պատժամիջոցների շրջանցման մեխանիզմ: Իսկ, երբ բանը հասնում է արդեն Բաքվի հանդեպ քաղաքականությունը խստացնող պարտադիր գործողությունների, ապա Եվրոխորհրդարանը խոսքից չի անցնում գործի: Եվ, այն ռազմական գործողությունները, որ եղել են Արցախի ժողովրդի դեմ՝ բերելով բռնի տեղահանության, Արցախի էթնիկ զտման, ոչ միայն տեղում անգործության մատնված ռուս խաղաղապահների և Ռուսաստանի քաղաքական ղեկավարության գործարքների, այլ նաև միջազգային կառույցների, այդ թվում Եվրախորհրդարանի անգործության և Եվրոպայի գործադիր կառույցի պայմանավորվածությունների հետևանքն է:











































