Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկ հատվածի նախագծերում ներդրվելու է 450 միլիոն դոլար։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն։
Վերջինս հայտարարել է. «Այդ նախագծերն իրականացվելու են մինչև 2015 թվականը։ Ներկայումս մեկնարկել է 6 հիդրոէլեկտրակայանների (հէկ) կառուցումը, իսկ ևս 4 հէկերինը կմեկնարկի մոտ ժամանակներս։
Հէկերի կառուցման գործընթացում արդեն իսկ ներգրավված է 2000 մարդ։ 2012 թվականից Վրաստանի կառավարությունը սկսկում է իրագործել մի հուշագիր, որով նախատեսվում է կյանքի կոչել 15 նախագծեր։ Դրանք տևական են և կավարտվեն 2017 թվականին։ Հէկերի կառուցման վերաբերյալ այդ նախագծի շրջանակներում պլանավորված է ապահովել 15,000 աշխատատեղ»։
Հիշեցնենք, որ 2010 թվականին Վրաստանի բոլոր էլեկտրակայաններում արտադրվել է վերջին 7 տարիների համար ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա՝ 10.1 միլիարդ կվտ/ժամ։ Ընդ որում, դրանից 9.3 միլիարդ կվտ/ժամն արտադրվել է հիդրոէլեկտրակայաններում, իսկ 0.8 միլիարդ կվտ/ժամը՝ ջերմաէլեկտրակայաններում։
Վրաստանն այժմ սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Արևելյան Եվրոպային, որն իրականացվում է Թուրքիայի տարածքով։ Բացի այդ, Վրաստանը մտադիր է, 2014 թվականից սկսած, Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա մատակարարել Իրանին։ Դրա համար էլ Վրաստանը զարկ է տալիս հէկերի կառուցմանը։








































