Փարիզի ոստիկանությունը հարցաքննել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանին՝ լրագրողուհի Տրիստան Բանոնի հայցի հիման վրա, որը նրան մեղադրում է 2003թ.-ին իր հանդեպ սեռական ոտնձգության փորձ կատարելու մեջ, երբ նա Սթրոս Կանից հարցազրույց է վերցրել: Սթրոս Կանը հերքում է իր հասցեին արված մեղադրանքները:
Նախնական լսումներից հետո ֆրանսիական դատախազությունը կորոշի, թե արդյո՞ք գործը պետք է ուղարկվի դատարան: Տրիստան Բանոնը Սթրոս Կանի դեմ հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ ԱՄՀ նախկին ղեկավարին մայիսին ձերբակալել էին Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով: Այն հարցին, թե ինչո՞ւ ավելի վաղ հայց չի ներկայացրել դատարան՝ լրագրողուհին պատասխանել է, որ իրեն չէին հավատա:
Սթրոս Կանը վերադարձել է Ֆրանսիա սեպտեմբերի 4-ին, երբ նրա վրայից հանվեցին բոլոր մեղադրանքները: Նա հակընդդեմ հայցով դատարան է դիմել` լրագրողուհուն մեղադրելով սուտ մատնության մեջ:








































