Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ մոտ մեկ ամիս է տարբեր աշխատանքային շրջայցեր էր կատարում մարզերում, նախօրեին աշխատանքային շրջայցերով արդեն Երևանի վարչական շրջաններում էր՝ Երեւանի քաղաքապետի իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ: Առիթ ունեցել եմ արտահայտվելու, որ Երևանի Ավագանու, այսինքն քաղաքապետի ընտրությանը զուգահեռ մարզային շրջայցեր սկսած Նիկոլ Փաշինյանն այդ կերպ լատենտ ազդեցություն էր թողնում քարոզարշավի վրա: Այժմ վարչապետը փաստացի ուղիղ միանում է դրան, թեև դարձյալ անուղղակի ձեաչափով՝ աշխատանքային շրջայց: Սա վկայում է թերևս երկու բանի մասին: Նախ, Նիկոլ Փաշինյանը փորձում է անմասն չմնալ նախընտրական շրջանից և այդ կերպ՝ իշխանության թեկնածուի հնարավոր հաղթանակի գլխավոր դարբնի կարգավիճակից, և, կամ՝ Նիկոլ Փաշինյանը տեսնում է նախընտրական էֆեկտիվության խնդիրներ և փորձում իր ավելի մոտ ներգրավվածությամբ բարձրացնել նախընտրական քարոզչության էֆեկտիվությունը:
Ընդ որում, հնարավոր է նաև երկու նպատակի համատեղ «սպասարկում»: Երևանի քաղաքային Ավագանու, այսինքն քաղաքային իշխանության ձեւավորման խնդիրը Նիկոլ Փաշինյանի համար ունի թերեւս որոշակի խորքային այլ նշանակություն: Դա մեծ հաշվով Հայաստանի իշխանության ձեւավորման խնդրի կարևոր դետալ է, բաղադրիչ: Թվում է տարօրինակ, որովհետեւ Հայաստանի իշխանությունը ձեւավորվել է 2021 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրությամբ: Սակայն, գործնական, խորքային առումով դրանով ձեւավորվել է կամ վերադասավորվել, վերարտադրվել է Հայաստանի կառավարող համակարգը, կառավարման ինստիտուցիոնալ-ֆունկցիոնալ համակարգը, սակայն իշխանությունը զուտ այդ համակարգը կամ ֆունկցիոնալ համալիրը չէ՝ էֆեկտիվ լինի այն, թե ոչ:
Իշխանությունը լայն փոխհարաբերությունների համակարգ է, որը ներառում է նաև արտաիշխանական շրջանակներ և այդ տեսանկյունից, Երևանի քաղաքապետի ներկայիս ընտրությունն ըստ էության առաջինն է, որ Նիկոլ Փաշինյանը անցկացնում է 2018-ից ի վեր այսպես ասած ոչ ֆորս-մաժորային ռեժիմով: Ըստ այդ, սա համակարգային առաջին ընտրությունն է և «քննությունը», ու դրա արդյունքը թերևս ընկնելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեւավորման գործընթացի անկյունաքարային դիրքում: Փաշինյանն անշուշտ հասկանում է, որ հնարավոր չէ իշխանություն պահել այսպես ասած ֆորս-մաժորի անընդհատ ռեժիմի խաղարկումով: Ի վերջո գալու է պահը, եւ այդ պահը, շրջանը մոտենում է, որ կարիք է լինելու իշխանությունը պահել համակարգով, այսինքն՝ ինքն իրենով: Ինչպես նշեցի, դա ենթադրելու է ոչ միայն զուտ կառավարչական-քաղաքական, այլ նաև արտաիշխանական համակարգերի որոշակի ճարտարապետություն, փոխհարաբերություններ: Երեւանի ընտրությունը Նիկոլ Փաշինյանի համար դրա քննություն կամ ստուգարք է:







































