Արցախի խորհրդարանում գիշերը մի քանի ժամ տևած նիստից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ քննարկվել է իր հրաժարականի հարցը, որի վերաբերյալ առաջիկա օրերին կլինի ավելի նեղ խմբով քննարկում և որոշում՝ տալ հրաժարական, թե ոչ: Խորհրդարանի նիստը եղել է բավականին թեժ, դրսում դրա արդյունքին են սպասել հավաքված հազարավոր քաղաքացիներ: Նիստին հրավիրել են անգամ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին: Նիստին մասնակցել է նաև խորհրդարանի Միասնական հայրենիք կուսակցության առաջնորդ, նախկին պաշտպանության նախարար և նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը, որը պատգամավոր չէ:
Արցախում այսպես ասած տեսանելի հանրային և քաղաքական դերակատարներից բացակայել է միայն Ռուբեն Վարդանյանը: Ավելին, նիստից հետո Արցախի նախագահի մերձակա շրջապատից այսպես ասած հրապարակ է բերվել «կոնսենսուս մինուս մեկ» միտքը, այն տրամաբանությամբ, որ նիստի մասնակիցները որոշումները համաձայնեցրել են կոնսենսուսով, անգամ Արցախի նախկին նախագահների ու Սամվել Բաբայանի հավանությամբ: Ինչի՞ն են վերաբերում այդ որոշումները, պարզ չէ:
Հավանաբար, պարզ կլինի ավելի նեղ խմբով քննարկումներից հետո, որ ազդարարել է Արայիկ Հարությունյանը, թեև չմանրամասնելով, թե ի՞նչ կազմ է ունենալու այդ նեղ խումբը, լինելու՞ են Արցախի նախկին նախագահները, թե՞ ոչ, է՞լ ովքեր են լինելու: Ի՞նչ է անելու Ռուբեն Վարդանյանը, արդյո՞ք գնալու է այդ որոշումների դիմադրության ճանապարհով, եթե ներկա չի եղել դրանց կայացմանը, թե՞ Վարդանյանը կընդունի դրանք լռելյայն, չհամաձայնելով, բայց նաև չգնալով դիմադրության ձևավորման ճանապարհով: Խորհրդարանի գիշերային նիստից հետո հարցերը ոչ միայն չեն ստացել պատասխան, այլ թերևս ավելացել են: Վերջին հաշվով, առանցքային, կարևորագույն հարցը հետևյալն է՝ նիստը կայացրել է որոշումներ Արցախի ճակատագրի, ներկայիս ծանր իրադրության ընթացը փոխելու՞, թե՞ պարզապես արցախյան քաղաքական դասի դիրքերը պահպանելու կոնսենսուսային տրամաբանությամբ: Տեսականում հնարավոր է իհարկե երկրորդ խնդիրը լուծել առաջինի միջոցով՝ լուծել Արցախի առաջ ծանրացած հարցերը, այդ կերպ ստանալով հանրային վստահություն և պահպանելով դիրքերը: Գործնականում սակայն հնարավոր է նաև այլ տարբերակ, երբ հարցեր լուծելու կարողության ու կամքի բացակայությունը կբերի պարզապես իշխանություն-ընդդիմություն դիրքեր և հարաբերակցություն պահելու կոնսենսուսի: Հարցերը դեռ սպասում են պատասխանի:









































