Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան Օբամայի վարչակազմից խնդրել է իրեն տրամադրել անօդաչու հետախուզական ինքնաթիռներ՝ Հյուսիսային Իրաքում բազավորված և Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ պայքարի համար։ Խոսքը Predator («Գիշատիչ») անօդաչու հետախուզական ինքնաթիռների մասին է։
Սա խիստ արդիական է Թուրքիայի համար՝ հաշվի առնելով, որ մինչև տարեվերջ Իրաքում գտնվող ամերիկյան զորքերը պետք է ամբողջովին դուրս բերվեն այդ երկրից։
ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականներից մեկը նշել է, որ Օբամայի վարչակազմը դեռևս չի պատասխանել Թուրքիային։
Հիշեցնենք, որ նախորդ տարի PKK-ի փաստացի առաջնորդ Մուրադ Քարայըլանը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն անօդաչու հետախուզական ինքնաթիռներ տրամադրի Թուրքիային, և եթե դրանք հարվածներ հասցնեն իրենց, ապա դրա ողջ պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի վրա։




































