ՄԱԿ ԱԽ նիստում Ադրբեջանը հրապարակում էր շարքային արցախցիների հրապարակած լուսանկարներ, որտեղ պատկերված են կյանքի ուրախ, անհոգ պահեր, և դրանք ներկայացնում միջազգային հանրությանը իբրև վկայություն, որ Արցախում չկա մարդասիրական աղետ և սովի սպառնալիք: Իհարկե, միայն ծայրահեղ անլրջության դեպքում է, որ միջազգային հանրությունը կարող է չնկատելու տալ Արցախից տարածվող տեսանյութերը և օրեր առաջ ընդհուպ սովամահության դեպքի հանգամանքը, և նկատել ադրբեջանական կեղծ քարոզչությունը: Ավելի շուտ, ոչ թե ծայրահեղ անլրջության, այլ՝ ծայրահեղ ցինիզմի, և ըստ այդմ Արցախում մահացած քաղաքացիների, բուժում չստացող ծանր հիվանդների, չծնված երեխաների հանդեպ հանցակցության դրսևորում: Դրանով հանդերձ, անշուշտ թշնամուն չպետք է տալ անգամ ամենափոքր տեղեկատվական առիթ, որքան էլ իհարկե բոլորս հասկանում ենք հիանալի, որ միջազգային քաղաքական վերաբերմունքն ու մթնոլորտը դրանցով չէ, որ պայմանավորվում է կամ պայմանավորվելու է, այլ քաղաքական շահերով և նպատակահարմարություններով:
Սակայն, տեղեկատվական անվտանգության հանդեպ աչալրջությունը կարևոր գործ է, առանցքային խնդիր, հատկապես պատերազմի մեջ գտնվող երկրի համար, հանրության համար, քանի որ պատերազմը նաև տեղեկատվական բնույթի է, ինչպես ցանկացած պատերազմ, առավել ևս 21-րդ տեղեկատվական դարում: Սակայն, տեղեկատվական անվտանգության համար շարքային օգտատերերը չէ, որ պատասխանատու են: Սա ամենևին չի նշանակում, թե յուրաքանչյուր քաղաքացի չպետք է գիտակցի ընդհանուրի, հետևաբար նաև հենց իր անվտանգության համար կարևոր՝ անձնական պատասխանատվության ու զգոնության աստիճանը: Բայց, այդուհանդերձ, ինչպես պետության անվտանգության, այդպես էլ դրա շրջանակում տեղեկատվական անվտանգության աներկբա պատասխանատուն կառավարություններն են, այդ թվում հանրությունների հետ իրենց տեսանելի և ոչ հրապարակային աշխատանքով: Եթե կա խնդիր, ուրեմն կա անբավարար աշխատանք, և, եթե կա շոշափելի խնդիր, ուրեմն կա խիստ անբավարար աշխատանք: Իսկ այն, որ թե Արցախի, թե Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը հատկապես վերջին տարիներին ունի լրջագույն խնդիրներ, սա թերևս անվիճելի է:
Միևնույն ժամանակ, այդ խնդիրների, և ընդհանրապես պետական քաղաքականության ու անվտանգության հետ կապված մի շարք լրջագույն խնդիրների խորը արմատները բոլորովին շարքային օգտատերերի սոցցանցային վարքագիծը չէ: Այդտեղ մենք կարող ենք տեսնել հետևանքներ միայն՝ կամա, թե ակամա, իսկ խնդրի արմատը այն է, որ սոցցանցային կյանքով է ապրում Հայաստանի Հանրապետության մի ամբողջ քաղաքական վերնախավ, առնվազն դրա մի շոշափելի մասը:
Հայաստանի Հանրապետությունը իր բարդ ու լրջագույն խնդիրների օրակարգով միջազգային այս կամ այն հանդիպմանն ու բանակցությանը ներկայացնող որևէ բարձրաստիճան պաշտոնյա այդ հանդիպումներից ընդամենը ժամեր, առավելագույնը օրեր անց սոցցանցերում ներկայանում է իր և ընտանիքի զվարթ լուսանկարներով՝ այս կամ այն երկրի տեսարժան վայրից, այս կամ այն ժամանցի վայրից: Այդ ամենից առաջին հերթին ի՞նչ ընկալումներ են առաջանում միջազգային գործընկերների մոտ, որոնք հենց ժամեր առաջ կամ օրեր առաջ բանակցել են այդ պաշտոնյաների հետ, քննարկել նրանց հետ լրջագույն հարցեր:
Ընդ որում, նրանք իհարկե իրենց ընկալումները ամենևին չեն հայտնելու, հրապարակելու՝ նույն սոցցանցերում օրինակ, լուսնակարների մեկնաբանության ներքո: Նրանք պարզապես անելու են հետևություններ՝ քաղաքական և պետական լրջմտության աստիճանի մասին, իսկ այդ հետևությունները թերևս ունենալու են հետևանքներ՝ պետական քաղաքականության համար: Այստեղ խնդիրների մտածողական արմատն է, որին պետք է հասնել՝ չյուղային հետևանքները կառավարելու և հաղթահարելու համար:









































