Հայտնի է, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական աղետի հարցով հրավիրելու արտակարգ նիստ։ Դա հնարավորություն է, որպեսզի դիվանագիտական հմտությունների առավելագույն գործադրմամբ քննարկումների առարկա դառնա Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը։ Խիստ անհրաժեշտ է, որպեսզի Արցախի արտաքին գործերի նախարարությունը պատրաստի ամփոփ «Տեղեկանք», որը կներկայացնի ԽՍՀՄ փլուզմանը նախորդած ճգնաժամային իրավիճակը։ Ի մասնավորի՝ պետք է ՄԱԿ-ի ԱԽ մշտական և ոչ մշտական անդամ երկրներին տեղեկացվի, որ 1991թ․ սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով հիմնվել է պաշտպանության նախարարություն, դրվել յուրաքանչյուրը 17 000 պայմանագրային զինծառայողի ընդգրկմամբ առնվազն չորս բրիգադ կազմավորելու խնդիր, որոնցից մեկը՝ հատուկ նշանակության։ Այն դեպքում, երբ ապրիլ-օգոստոս ամիսներին ԼՂԻՄ-ում և հարակից Շահումյանի շրջանում և Գետաշենում անցկացվել էր «Կոլցո» ռազմագործողություն, 24 հայկական գյուղ ենթարկվել էր բռնատեղահանության, շուրջ հազար 20-45 տարեկան հայ տղամարդ ապօրինի ձերբակալվել և պահվում էր համակենտրոնացման ճամբարներում (Շահբուլաղ եւ Շուվելյան), նման որոշումը վկայում է, որ Ադրբեջանը, նույն տարվա օգոստոսի 30-ին ստանձնելով 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ իրավահաջորդությունը, առաջին իսկ քայլերով նպատակադրվել է զորք մտցնել ԼՂԻՄ-ի և հարակից Շահումյանի տարածք՝ արդեն սեփական ուժերով ավարտին հասցնելու հայ բնակչության բռնատեղահանումը, որը կասեցվել էր Մոսկվայում պետական հեղաշրջման փորձի ձախողումից հետո։ Իրավիճակի վտանգավորությունը գնահատելով՝ Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահների՝ Ելցինի եւ Նազարբաեւի, կողմից 1991 թ․ սեպտեմբերի 23-ին Ժելեզնովոդսկում կազմակերպվում է հանդիպում, որին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներից զատ մասնակցում է ԼՂԻՄ մարզգործկոմի նախագահը, ինչպես նաև Շուշիի շրջգործկոմի նախագահը։
Ձեռք է բերվում համաձայնություն, որ Հայաստանը և Ադրբեջանը չեղյալ են հայտարարում ԼՂԻՄ-ի վերաբերյալ ԽՍՀՄ սահմանադրությանը հակասող իրավական ակտերը, վերականգնվում է 1988թ․ ստատուս-քվոն, անցկացվում են մարզային խորհրդի ընտրություններ։ 1991թ․ սեպտեմբերի 26-ին Ադրբեջանը անջատում է ԼՂԻՄ հայկական բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ Ստեփանակերտ քաղաքի, էլեկտրամատակարարումը, Ասկերանի մոտ ավերվում է երկաթգիծը, դադարեցվում է ինքնավար մարզ պարենային և այլ ապրանքների մատակարարումը, խզվում է միջքաղաքային և միջշրջանային ու համայնքային հեռախոսակապը, փակվում Ստեփանակերտի օդանվակայանը։ Սկսվում է ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի պաշարումը, որ տևում է մինչեւ 1992թ․ մայիսի 18-ը, երբ բացվում է Լաչինի միջանցքը։ 1991թ․ նոյեմբերի 25-ին, ի խախտումն Ադր․ԽՍՀ եւ ԽՍՀՄ սահմանադրության, Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ոչ լեգիտիմ կազմով ընդունում է «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարելու մասին» օրենք։ Նույն օրը Հայաստանի Գերագույն խորհուրդը դիմում է ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեին՝ հայցելով քննել ԼՂԻՄ լուծարման մասին Ադրբեջանի օրենքի՝ ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Նոյեմբերի 28-ին Կոմիտեն քննում է հարցը և վճռում, որ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին» Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընդունած օրենքը ԽՍՀՄ սահմանադրությանը «չի համապատասխանում»։ ԼՂԻՄ լուծարման մասին օրենքին զուգահեռ՝ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, դարձյալ ոչ լեգիտիմ կազմով, ընդունում է «Վերին Ղարաբաղի (այդպես է վերանվանվել ԼՂԻՄ-ը) ադրբեջանցի բնակչության անվտանգության ապահովման միջոցառումների մասին» գաղտնի որոշում, որի կատարման պարտականությունը դրվում է պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունների վրա։ Լեռնային Ղարաբաղից սկսվում է ադրբեջանական քաղաքացիական բնակչության զանգվածային էվակուացիան, որն իրականացվում է ինչպես ցամաքային ճանապարհով, այնպես էլ օդով՝ ներգրավելով ինչպես սանիտարական, այնպես էլ ԽՍՀՄ ԶՈՒ 4-րդ բանակի ռազմա-տրանսպորտային ավիացիան։ Տարհանված բնակչության փոխարեն ադրբեջանաբնակ Շուշի քաղաքում, Ստեփանակերտի Կրկժան թաղամասում եւ բոլոր գյուղերում տեղաբաշխվում են ՊՆ կանոնավոր ստորաբաժանումներ, ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատներ եւ ԱԱ նախարարության հետախուզական ծառայության խմբեր։
Զրահատեխնիկայի, հրետանային և հրթիռային միջոցների տեղաբաշխումն իրականացվում է Բաքու-Հորադիզ երկաթուղով, այնուհետև՝ Ֆիզուլի –Կուբաթլու-Լաչին-Շուշի խճուղային ճանապարհով։ 1992թ․ հունվարի կեսերին (ստույգ ամսաթիվը պարզել հնարավոր չէ) գումարվում է Ադրբեջանի նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում նախագահ Մութալիբովը ՆԳ նախարարին հարց է ուղղում․ «Քանի՞ տոկոսով է ոչնչացված Ստեփանակերտ քաղաքի բնակարանային ֆոնդը»։ -Արդեն մեկ երրորդով, նրանք (քաղաքի հայ խաղաղ բնակիչները) ծայրամասային թաղամասերից հեռանում եւ հաստատվում են բազմաբնակարանային շենքերի նկուղներում,- զեկուցում է նախարարը եւ ստանում հրահանգ՝ Շուշին ամրապնդել ծանր զրահատեխնիկայով, հրետանա-հրթիռային միջոցներով։ «Դուք, կարծում եմ, հասկանում եք, թե խոսքն ինչի մասին է»,- նիստն ամփոփում է Ադրբեջանի նախագահը։ Այս փաստաթուղթը հրապարակված է «Բակինսկի ռաբոչի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, Ադրբեջանի վաստակավոր լրագրող Տատյանա Չալաձեի «Դատապարտված Խոջալու» գրքում, որի խմբագիրը եւ մասնագիտական խորհրդատուն Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովն է։ Փաստթղթի տակ առկա է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կլոր կնիքը, ձեռագիր, ռուսերեն լեզվով գրված է․ «Իսկականի հետ ճիշտ է։ Ադրբեջանի պետական քարտուղար Միդաթ Աբասով»։ Անվտանգության խորհրդի հիշյալ նիստից հետո Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ-ն ստանում է «հանդիպակաց գրոհով Ստեփանակերտը գրավելու ռազմագործողության» մշակման կարգադրություն։ Ծրագիրը կազմում է ԳՇ պետ Շահին Մուստաֆաեւը։ Ըստ մտահղացման՝ Ստեփանակերտը պետք է համաժամանկյա գրոհի ենթարկվեր Շուշիից եւ Աղդամից։ Բայց մինչ այդ պետք է վերացվեր Քարինտակ գյուղը։ Քարինտակի գրավման ռազմագործողությունը գլխավորել է անձամբ պաշտպանության նորանշանակ նախարար Դադաշ Ռզաեւը։ Գործողությունը տապալվել է, ադրբեջանական կողմը, տալով շուրջ հարյուր զոհ, նահանջել է Շուշի, ինչից հետո չի իրականացվել Աղդամից հարձակումը։ Սրանք անառարկելի, բացառապես ադրբեջանական բաց աղբյուրներից քաղած տեղեկություններ են եւ վկայում են, որ շաբաթներ առաջ Հակարիի անցակետում առեւանգված Վագիֆ Խաչատրյանը ոչ թե ռազմական հանցագործ է, այլ Լեռնային Ղարաբաղի արմատական հայ բնակչության ներկայացուցիչ, որ եթե անգամ զենք է վերցրել, ապա միայն՝ ինքնապաշտպանության, իր տունը, իր կնոջ պատիվը եւ զավակների կյանքը պաշտպանելու նպատակով։ Այդպիսին է 1992-94 թվականների ղարաբաղյան առաջին պատերազմի բնույթը։
2020թ․ սեպտեմբերի 27-ին պատերազմ սանձազերծելով Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Ադրբեջանը հետապնդել է ոչ թե «հայկական օկուպացիայից հայրենիքի մի մասն ազատագրելու» նպատակ, ինչպես ներկայացնում է այդ երկրի նախագահը, այլ խնդիր է դրել բռնաճնշել ԼՂ հայ արմատական մեծամասնության ինքնորոշման իրավունքը, կազմալուծել նրա պաշտպանական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքական ու հոգևոր ինքնակազմակերպվածության ինստիտուտները և ամբողջովին բռնատեղահանել, հայրենազրկել նրան։ Ութ ամիս շարունակվող պաշարումը միայն դա է ապացուցում։








































