Լեհաստանի իշխանությունները սկսում են ռազմական ուժեր տեղակայել Բելառուսի սահմանի մոտ։ Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի խոսքով՝ երկրի պաշտպանական գերատեսչությունը 140 բնակելի կոնտեյների գնման պայմանագիր է կնքել, որոնցում բնակվելու են զինվորականները։
«Մենք ստեղծում ենք ժամանակավոր ենթակառուցվածք՝ առաջին հետևակային դիվիզիայի ստորաբաժանումները տեղավորելու համար։ Ընդամենը երեք ամսից զինվորները մշտապես այնտեղ կլինեն։ Մենք ուժեղացնում ենք արևելյան եզրը։ Սա ներդրում է լեհերի ու մեր դաշնակիցների անվտանգության համար»,- ասել է Լեհաստանի պաշտպանության նախարարը։
Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ նախատեսում է բանակը հասցնել 300 հազարի, իսկ դիվիզիաները՝ 6-ի։









































