Ամերիկյան World Politics Review քաղաքական պարբերականն անդրադարձել է Հայաստանի և International Minerals & Mines Limited կազմակերպության միջև կնքված հուշագրին: Հոդվածի հեղինակ Մայքլ Սեսայրը գրում է, որ եթե Հայաստանում այրվող թերթաքարերի պաշարների արդյունահանում սկսվի, դա որոշակի էներգետիկ անկախություն կտա դեպի ծով ելք չունեցող հարավկովկասյան պետությանը, որն արդյունքում ձեռք կբերի աշխարհաքաղաքական նոր ազատություն:
1994–ին արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արամուսի շրջանում մոտ 44 միլիոն տոննա թերթաքարային նավթ կա, իսկ 2005–ին արված մեկ այլ հետազոտություն ցույց էր տվել, որ նույն հումքից մինչև 18 միլիոն տոննա կա Իջևանում, Շամուտում և Ջերմանիսում և մինչև 128 միլիոն տոննա Դիլիջանում։
2011թ-ի օգոստոսի 3-ին ստորագրված հուշագիրը շարունակությունն էր ավելի վաղ` հունիսին, ԱՄՆ պետդեպի և ՀՀ կառավարության միջև կնքված համաձայնագրի, որով նախատեսվում է համատեղ օգտագործել Հայաստանում գտնվող այրվող թերթաքարերի պաշարները:
Հոդվածի հեղինակը նշում է, որ այսօր Հայաստանն իր վառելիքի զգալի մասը ստանում է Ռուսաստանից, որը վերահսկում է հայկական էներգետիկ համակարգի մոտ 80%-ը։
«Հայաստանը, ղարաբաղյան հակամարտությունից սկսած իրեն աջակցող Ռուսաստանից բաժանված է հստակ հակառուսական Վրաստանով, իսկ արևելքից ու արևմուտքից Հայաստանը շրջապատված է թշնամի Թուրքիայով ու Ադրբեջանով։ Այս իրավիճակը Հայաստանը դարձնում է մեկուսացված պետություն։
Հայկական էներգետիկ անկախությունը սարերի ետևում չէ ։ Չի բացառվում, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ պաշարներն իրականում այնքան էլ շատ չեն։ Սակայն այս պահին ներքին պաշարների հեռանկարը Հայաստանին ապագայում սեփական ուղով շարժվելու գայթակղիչ նշույլներ է տալիս»` գրում է Սեսայրը։








































