«Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը և մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտնեց Թևանյանը։
Անդրանիկ Թևանյանը գլխավորելու է «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը, որը ընտրությանը կմասնակցի «Երկիր Ծիրանի» ՝Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ և «Ինտելեկտուալ Հայաստան»՝ Մանուկ Սուքիասյանի գլխավորությամբ, կուսակցությունների հետ դաշինքով։ Նախընտրական շտաբը ղեկավարելու է հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։
«Մայր Հայաստան» դաշինքի հիմնադիր հավաքի ժամանակ Թևանյանը հայտարարեց, որ պայքարի են դուրս գալիս ոչ թե մանդատի կամ քաղաքապետի պաշտոնի համար, այլ ամբողջական իշխանափոխության.«Իշխանությունը շատ կուզեր, որ իրական ընդդիմադիրները չմասնակցեին ընտրությանը, որ այն անցներ ասֆալտի, վերելակի եւ տրանսպորտի տրամաբանությամբ։ Այո, դա կարեւոր է հարմարավետ կյանքի համար, սակայն ո՞ւմ է պետք, եթե մեր պետականության հարցն է դրված, Արցախի մեր հայրենակիցները կանգնած են աղետալի վիճակի առաջ։ Դաշինքի մասնակիցները պատրաստ են պայքարի, եթե հանրության մեծամասնությունն այդ մանդատը տա դաշինքին»։







































