Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Կուրսկի շրջանի կամավորներին զենք կբաժանեն։ Ինչպես հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը, զինամթերք կտրամադրվի կամավորական ժողովրդական ջոկատներին, որոնք, ըստ նրա, լրացուցիչ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի զինված ուժերին, Ռոսգվարդիային, ոստիկանությանը և սահմանապահներին։
«Մի քանի ամիս է՝ աշխատել ենք կամավորական ժողովրդական ջոկատներին զինամթերքով ապահովելու հարցով։ Այսօր կարող եմ ասել, որ մենք մեխանիզմ ենք գտել։ Մենք նշում ենք, որ ստեղծել ենք բոլոր պայմանները դրա պահպանման համար։ Առաջին խմբաքանակն արդեն մտել է բազա։ Առաջիկայում մենք սպառազինությունների թիվը կհասցնենք 300 միավորի»,- գրել է նահանգապետը «Telegram»-ում։
Մինչ այդ զենք է բաժանվել Բելգորոդի շրջանի տարածքային պաշտպանության ստորաբաժանումներին։ Կամավորներին տրվել են գնդացիրներ և հակադրոնային զենքեր։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ տարածքային պաշտպանության ստորաբաժանումների զինումը լիովին համապատասխանում է օրենքին և անհրաժեշտ միջոց է Ուկրաինայի կողմից հարձակումների ֆոնին։








































