Ինչպես գրում է Regnum գործակալությունը` հղում անելով իսրայելական Cursorinfo պորտալին, Թուրքիայի հակաիսրայելական քաղաքականության շարունակության դեպքում Իսրայելը Թուրքիայի համար կվերածվի Հայաստանի:
Թուրքիայի կողմից Իսրայելի հանդեպ քաղաքական կոշտ քայլերին ի պատասխան, Թել-Ավիվում քննարկվում է Կիպրոսի և Հայաստանի հետ ռազմավարական համագործակցություն հաստատելու հարցը: Իսրայելում մտադիր են նաև «բոլոր հնարավոր ոլորտներում» աջակցություն ցուցաբերել թուրքաբնակ քրդերին. հայտնում է Regnum-ը:
Իսրայելում գտնում են, որ Թուրքիայի համար կիպրական, հայկական և քրդական հարցերը չափազանց կարևոր են, և հենց այդ երեք ուղղություններով էլ Թել-Ավիվը մտադիր է աշխատել:
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական երբեմնի ռազմավարական ջերմ հարաբերությունները վերջին շրջանում կտրուկ վատթարացել են: Թուրքիան մտադիր է Իսրայելին դատի տալ միջազգային դատարանում` Գազայի հատվածի շրջափակումը համարելով անօրինական: Բացի այդ, Թուրքիան ցանկանում է միջամտել Իսրայելի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում բնական ռեսուրսների միանձնյա շահագործմանը:
Երկու երկրների հարաբերությունները լարվել էին 2010 թ. մայիսի 31-ին իսրայելական զինված ուժերի կողմից Գազա ուղևորվող նավերի վրա հարձակվելու պատճառով, ինչի արդյունքում զոհվել էր Թուրքիայի 8 քաղաքացի:









































