Երեկ «Միլան»-«Լացիո» խաղով մեկնարկեց Իտալիայի հերթական առաջնությունը: Չնայած միլանցիների տարածքային և խաղային առավելությանը, հանդիպման մեկնարկում «Լացիո»-ի խփած երկու գոլերը բավական եղան չեմպիոնի հետ ոչ-ոքի խաղալու համար:
Հանդիպման 13-րդ րոպեին հաշիվը բացեց «Լացիո»-ի նորեկ Միրոսլավ Քլոզեն, 10 րոպե անց թիմի մյուս նորեկ Ջիբրիլ Սիսեն կրկնապատկեց այն: «Միլան»-ից երկար ժամանակ չպահանջվեց նախ հաշվի տարբերությունը կրճատելու, ապա` հավասարեցնելու համար. 31-րդ րոպեին աչքի ընկավ Զլատան Իբրահիմովիչը, 35-րդ րոպեին Կասսանոն գլխի հարվածով եզրափակեց Ակվիլանիի իրացրած անկյունային հարվածը:
Երկրորդ խաղակեսում Ալլեգրիի սաները հաղթական գոլը խփելու մի քանի հրաշալի հնարավորություն կորցրին, իսկ «Լացիո»-ն ամբողջ թիմով պաշտպանվում էր և չէր թաքցնում, որ 2:2 հաշիվը ձեռնտու է իրեն: Նոր գոլեր չգրանցվեցին, և մեկնարկային երկրորդ տուրում առաջնության ֆավորիտներից 2-ը մեկական միավոր վաստակեցին:
Նշենք, որ այս մրցաշրջանում Իտալիայի առաջնությունը, ինչպես և Իսպանիայինը, մեկնարկեց 2-րդ տուրից. առաջին տուրի հանդիպումները հետաձգվել են ֆուտբոլիստների գործադուլի պատճառով: Երկրորդ տուրի մյուս հանդիպումները կկայանան այսօր և վաղը:









































