Այս օրերին Հայաստանում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի բանագնաց, Սուրբ աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլին։ Երեկ Գյումրու Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցում անմահ պատարագ է անցկացվել նրա ներկայությամբ։ Խծաբերդում գերեվարվածների հարազատները մոտեցել են կարդինալին և խնդրել, որ Հռոմի Պապին փոխանցի՝ օգնելու վերադարձնել իրենց որդիներին։ Պիետրոո Պարոլին նշել է, որ մարդասիրական առաքելության նպատակն այս պահին հենց սա է, որ տեսնենք, հնարավորության սահմաններում եթե գոնե ոչ բոլորին, մի մասին կարողանանք վերադարձնել տուն։ Մինչ այդ էլ Նիկոլ Փաշինյանն էր ընդունել կարդինալին և նշել․ «Սա Վատիկանի պետքարտուղարի առաջին այցն է Հայաստան: Եվ ինձ համար մեծ պատիվ է Ձեզ ընդունել: Սա վկայում է մեր հարաբերությունների նոր լիցքի մասին: Բարով եք եկել»։ Անդրադառնալով Հռոմի Ֆրանցիսկոս պապի բանագնացի հայտարարություններին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշել է․ «Վատիկանն ինքը պետություն է, ճիշտ է՝ կրոնապետություն է, բայց պետություն է, որն ունի իր դեսպանները։ Կարծեք թե քննարկումը եղել է քաղաքական իշխանությունների հետ։ Սա առիթ է, որ ես նորից մտածեի, թե ընդհանրապես քրիստոնյա աշխարհի որոշ ախարհայացացքային միասնություն կա՞ արդյոք։ Քաղաքական վերլուծությունների մեծ մասը տանում է նրան, որ աշխարհում կրոնական կոնֆլիկտը գնալով ավելի առարկայական է դառնում»,-նշեց նա։








































