Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազը դիմել է թուրքական հատուկ ծառայություններին՝ խնդրելով բացահայտել նախորդ տարվա մայիսի 31-ին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա հարձակում գործած իսրայելցի զինվորների անունները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դատախազը նույնպիսի խնդրանքով դիմել էր իսրայելական իշխանություններին, սակայն մերժում էր ստացել։
Նշվում է, որ այժմ դատախազի մոտ են հայտնվել ՑԱԽԱԼ-ի ավելի քան 10 զինվորների անունները, որոնք նախորդ տարվա մայիսի 31-ին գտնվել են «Մավի Մարմարա» նավում, ուր սպանվել էր Թուրքիայի 9 քաղաքացի։ Այժմ թուրքական դատախազությունը մտադիր է քրեական գործեր հարուցել բազմաթիվ իսրայելցի պաշտոնատար անձանց դեմ։
Դրանում ընդգրկված են վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Գաբի Աշքենեզին, ՑԱԽԱԼ-ի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էլիզզեր Մարոմը և միջադեպի հետ առնչություն ունեցող այլ պաշտոնյաներ։
«Մավի Մարմարա» նավի գրավմանը մասնակցած իսրայելցի զինվորները կարող են մեղադրվել միտումնավոր սպանության ու կտտանքների ենթարկելու, ինչպես նաև նավի ուղևորների ազատ տեղաշարժման սահմանափակման մեջ։
Հիշեցնենք, որ երեկ էլ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «Ալ-Արաբիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը մոտ ապագայում դիմելու է Հաագայի միջազգային դատարան՝ պահանջելով ապօրինի ճանաչել Իսրայելի կողմից Գազայի հատվածի ծովային շրջափակումը և համապատասխան պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ։










































