Եգիպտոսում ցուցարարները մուրճերով հարձակվել են Իսրայելի դեսպանատան շուրջը կառուցված 2.5 մետր բարձրությամբ պատի վրա: Ինչպես հայտնում է իսրայելական Ynetnews-ը, Կահիրեում հարյուրավոր ցուցարարներ ամբողջ օրվա ընթացքում քանդում էին դեսպանատունը պաշտպանող պատը, իսկ իրավապահները` տեսնելով այդ ամենը, ընդամենը հետևում էին իրադարձությունների զարգացմանը:
Իսրայելական դեսպանատունը պաշտպանող պատը քանդելու կոչ էր տարածվել Facebook-ում: Մի խումբ երիտասարդներ առաջարկել էին հավաքվել և քանդել այն, իսկ ոմանք նշել էին, որ պատի վրա կարելի է նկարել այն ոստիկաններին, ում իսրայելցիները սպանել էին այս տարվա օգոստոսին` Սինայում` հակաահաբեկչական գործողության ժամանակ:
Հիշեցնենք, որ անցած ամիս Կահիրեում Իսրայելի դեսպանատան մոտ տեղի էին ունեցել բողոքի ցույցեր, ինչից հետո Եգիպտոսի իշխանությունները որոշել էին բարձրահարկ շենքը, որտեղ գտնվում է Իսրայելի դեսպանատունը, շրջապատել 2.5 մետրանոց պաշտպանիչ պատով, ինչը դժգոհություն էր առաջացրել եգիպտացիների շրջանում:









































