Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, ըստ որի Ադրբեջանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու համար: Անշուշտ ողջունելի է, որ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանը վերհաստատել է իր ամիսների վաղեմության որոշումը, բայց այդ որոշումն ամիսներ շարունակ մնում է թղթի վրա եւ Ադրբեջանը ոչ միայն որեւէ քայլ չի արել միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու համար, այլ գործնականում ավելի է խստացրել Արցախի շրջափակումը, անջատելով նաեւ Հայաստանից մատակարարվող գազն ու էլեկտրաէներգիան: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ի՞նչ արժեք ունի դատարանի վերհաստատված որոշումը, որը վերաբերում է չկատարվող որոշման: Առավել եւս, որ այդ որոշումն ինքնին կարող է առաջացնել հարցեր: Օրինակ, ինչ է նշանակում՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, եթե սահմանված չէ այդ միջոցները ձեռնարկելու որեւէ չափորոշիչ, որեւէ նշաձող եւ որեւէ ժամկետ:
Ադրբեջանը ի վերջո կարող է ասել, որ «ձեռնարկում է միջոցներ», պարզապես ժամանակ է պետք: Կամ, ինքն ապահովում է ազատ տեղաշարժ, իսկ անձնագրային ստուգում սահմանում է՝ տեղաշարժի անվտանգությունը ապահովելու համար:
Այլ կերպ ասած, Հաագայի արդարադատության դատարանի վճիռը ոչ միայն մնում է թղթի վրա, այլ թղթի վրա եղածն էլ խորքային առումով բավականին հարաբերական է: Ըստ այդմ, առավել կարեւոր կլիներ ոչ թե վերհաստատելը, այլ վճռի իրականացմանն ուղղված նոր քայլեր կատարելը, սահմանելով կոնկրետություն, նաեւ անդրադառնալով ՄԱԿ ԱԽ-ի դերին, որպես միջազգային դատարանի չկատարվող վճիռների համար պատասխանատու կարեւորագույն ինստիտուտի: Իհարկե որքանով է դատարանն իրավասու այդ անդրադարձին եւ դերը մատնանշելուն, կասեն թերեւս միջազգային իրավունքի մասնագետները, սակայն իրավիճակը Արցախում վաղուց այնպիսին է, որ չկատարվող վճիռների վերհաստատումը չի կարող լինել գոհացուցիչ, եւ անգամ մխիթարություն լինել չի կարող: Միաժամանակ, այս պատկերը գործնականում հերթական անգամ վկայում է այն, որ դե ֆակտո գոյություն չունի միջազգային հարաբերությունների եւ անվտանգության համակարգ, եւ լուծումներ գտնել այդ համակարգի դե յուրե գոյության ու դե ֆակտո բացակայության պայմաններում, ինքնախաբեություն է: Դա իհարկե չի նշանակում, որ պետք չէ աշխատել թեկուզ թղթի վրա մնացող որոշումների եւ վճիռների ուղղությամբ, բայց ունենալ պատրանք, որ դրանք լուծում են, ավելորդ է: Այդ դեպքում որտե՞ղ փնտրել լուծումներ: Դրանք թերեւս ընկած են երկկողմ հարաբերությունների դաշտում, որ Հայաստանը պետք է ունենար ռեգիոնալ եւ արտառեգիոնալ խոշոր տերությունների հետ:











































