Շրջափակման ավելի քան կես տարվա ընթացքում Ադրբեջանն Արցախի տնտեսությանը պատճառել է 390 միլիոն դոլարի վնաս: Կարելի է պատկերացնել, թե սա ինչ ահռելի թիվ է 120 հազար բնակչություն ունեցող Արցախի համար: Միաժամանակ, շրջափակումը վնաս է պատճառում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տնտեսությանը: Հայաստանի տնտեսությունն առանց այդ էլ փոքր է, և Ադրբեջանը փաստորեն դրանից «կտրել» է Արցախը, այսինքն կտրել է 120 հազարանոց օրգան, ինչը անշուշտ էական նշանակություն ունի ամբողջ Հայաստանի տնտեսության համար: Եվ սա այն պայմաններում, երբ պատերազմի հետևանքը առանց այդ էլ միլիարդավոր դոլարների կորուստ էր Հայաստան-Արցախ տնտեսական միասնական օրգանիզմի տեսանկյունից: Թե որքան է կազմում Հայաստանի տնտեսությանը պատճառված վնասը՝ երբ դադարում է օրգանական կապը Արցախի տնտեսության հետ, հաշվված չէ, սակայն կասկածից վեր է, որ այն ևս շոշափելի է:
Ակնառու է, որ ի թիվս քաղաքական և ռազմա-քաղաքական խնդիրների, Ադրբեջանը հետևողականորեն թիրախավորում է նաև Հայաստանի ու Արցախի տնտեսական կարողությունը: Ավելին, դա գործնականում ցանկացած սուբյեկտի ռազմա-քաղաքական և դիվանագիտական ճկունության և կենսունակության հիմքն է, և Ադրբեջանը թիրախավորում է հիմքը, ոչ միայն «վերևի հարկերը»: Հայաստանի տնտեսությունը իհարկե մի շարք արտաքին հանգամանքների բերումով արձանագրել է աննախադեպ տնտեսական ցուցանիշներ: Դրանց առյուծի բաժինն իհարկե Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցների «էֆեկտն» է, տարաբնույթ շերտերով: Միևնույն ժամանակ սակայն, այդ էֆեկտը ունի պարզապես փուչիկի էֆեկտի ռիսկեր:
Այսինքն, ձևավորվում են տնտեսական ուղղություններ, ոլորտներ, որտեղ կուտակվում են ահռելի ֆինանսական հոսքեր, շարժ, ձևավորվում է որոշակի վիճակագրական, ծավալային էֆեկտ, ինչը սակայն չունի ինստիտուցիոնալ հենք: Այլ կերպ ասած, Հայաստանի տնտեսությունը նմանվում է ոչ թե շոգենավի, որն ունի վառելիքի հիմքով աշխատող իր մեխանիզմը և կարող է առաջ շարժվել անկախ ծովի կամ օվկիանոսի եղանակից, այլ առագաստանավի, որի համար վտանգավոր է թե անհողմությունը, թե չափից ուժեղ փոթորիկը, որը կարող է պարզապես պատռել առագաստները: Սա լրջագույն խնդիր է, որ պահանջում է լուծում, քանի դեռ արտաքին կոնյուկտուրան այնպիսին է, որ Հայաստանի տնտեսությանը թույլ է տալիս ստանալ վիճակագրական որոշակի էֆեկտ: Առայժմ այդ էֆեկտը ոչ այնքան տնտեսական քաղաքականության, որքան քաղաքական քարոզչության ռեսուրս է:









































