Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ ամփոփեց «Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները:Հավաքելով 63 միավոր` Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն: 48 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը: 26 միավորով երրորդ տեղում է «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն: 26 միավոր է հավաքել նաև «Փյունիկի» մեկ այլ հարձակվող Լուկա Յուրիչիչը, սակայն Օտուբանջոն առաջ է անցել իր թիմակցից քվեարկության ընթացքում առաջին հորիզոնականում ավելի շատ նշվելու շնորհիվ: Քվեարկության արդյունքները միանգամայն օբյեկտիվ կարելի է համարել։
Արդեն 5 տարի է Իվուն մեր առաջնությունում աչքի է ընկնում վստահ և կայուն խաղով։ Այս տարվա սկզբին ստանալով հայկական անձնագիր նիգերիացի ֆուտբոլիստը փայլուն հանդիպումներ անցկացրեց նաև Հայաստանի ազգային հավաքականում՝ էապես նպաստելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Ուելսի և Լատվիայի նկատմամբ տարած հաղթանակներին։ Ուելսի դեմ խաղում Իվուն կատարեց գոլային փոխանցում, իսկ Լատվիայի դեմ երևանյան մրցավեճում վաստակեց 11 մետրանոց հարված։ «Ֆասթ Մեդիա» հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի տեղեկություններով հաջող ելույթներից հետո Իվուն հայտնվել է արտասահմանյան թիմերի ուշադրության կենտրոնում։ «Ուգոչուկվու Իվուի ծառայություններով այս պահին հետաքրքրված է երեք ակումբ։ Այդ ակումբները ներկայացնում են Թուրքիայի Սուպերլիգան, Թուրքիայի Երկրորդ լիգան, ինչպես նաև մեկ ակումբ Իսրայելի Բարձրագույն խմբից»,- ֆեսյբուքյան իր էջում գրել է Մելիքսեթյանը։ Կտեղափոխվի՞ Իվուն Թուրքիա։ Այս հարցի պատասխանը կստանանք մոտ ապագայում։ Չմոռանանք, որ «Ուրարտուն» հուլիսի 19-ին սկսելու է պայքարը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլում՝ մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնի հետ։ Իվուն «Ուրարտուի» առաջատարներից է և եվրագավաթների խաղարկությունից առաջ քիչ հավանական է, որ երևանյան ակումբը վաճառի այս ֆուտբոլիստի տրանսֆերը։ Միևնույն ժամանակ նշենք, որ Իվուն իր խաղամակարդակով կարող է և արժանի է խաղալ էլ ավելի բարձր մակարդակի առաջնություններում։ Ինչևէ, ամփոփելով քվեարկության արդյունքերն անենք կարևոր մի դիտարկում։
Լավագույն ֆուտբոլիստների եռյակում տեղ է գտել ընդամենը մեկ հայ ֆուտբոլիստ ի դեմս Արտակ Դաշյանի։ Վերջինս հերթական տպավորիչ մրցաշրջանն անցկացրեց թե «Փյունիկում» և թե Հայաստանի ազգային հավաքականում։ Նշենք, սակայն, որ Դաշյանը 33 տարեկան է և ըստ էության մեր առաջնության վետերաններից է։ Մտահոգիչ և ցավալի է, որ տեղացի երիտասարդ ֆուտբոլիստներից և ոչ ոք չի հավակնում լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Նույն ԲԿՄԱ-ում, որտեղ խաղում են տեղացի երիտասարդ կադրերով չի նկատվում առաջատարի որակներ ունեցող ֆուտբոլիստ, որը կարող է պայքարել լավագույնի կոչմանը, կամ հայտնվել բարձրակարգ թիմերի ուշադրության կենտրոնում։ Կարելի է առանձնացել թերևս «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արթուր Սերոբյանին, որը քվեարկության արդյունքներով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Վերջին մեկ տարվա ընթացքում այս ֆուտբոլիստը առաջընաց է գրանցել և պարբերաբար հայտնվում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Լատվիայի դեմ մրցավեճում Սերոբյանը դուրս գալով փոխարինման թարմություն և սրություն հաղորդեց մեր հավաքականի հարձակման գծին։ «Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչը Հայաստանի առաջնությունում հանդես եկող թերևս միակ ֆուտբոլիստն է, որը հույսեր է ներշնչում և ճիշտ աշխատելու դեպքում կարող է դառնալ նաև ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ։






































