Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 30-ին տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ: Ըստ պաշտոնական հաղորդագրոության, քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր: Հարցերի կոնկրետ շրջանակի մատնանշման բացակայությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ժամանակագրական առումով վաշինգտոնյան հանդիպմանն անմիջապես հաջորդած անվտանգության խորհրդի նիստը հայ-ադրբեջանական բանակցության այդ ռաունդին վերաբերել կամ առնչվել է ոչ միայն ժամանակագրության, այլ նաև օրակարգի հարցերի առումով: Իհարկե այդպես միարժեք պնդելու հիմք չունենք, սակայն բոլոր դեպքերում ուշագրավ է ոչ միայն ժամանակագրական հանգամանքը, այլև այն, որ ԱԽ նիստը անցկացվում է, երբ ԱԳ նախարարը դեռևս Միացյալ Նահանգներում է:
Նահանգներում բանակցային փուլի ավարտին հայտարարվեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի ևս մի քանի հոդվածի առնչությամբ: Թեև մանրամասներ հայտնի չեն, թե ինչին են վերաբերում այդ հոդվածները, ու նաև հայտնի է, որ համաձայնություն չկա Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության, սահմանագծման ու սահմանազատման և միջազգային երաշխիքների հարցում, այդուամենայնիվ հնարավոր է, որ ԱԽ նիստը վերաբերում է հենց համաձայնեցված հոդվածների շրջանակին և դրանից բխող որոշակի պլանավորումների: Միևնույն ժամանակ, ամենևին բացառելի չէ և այն, որ Երևանը վաշինգտոնյան բանակցություններից հետո անհրաժեշտ է համարում զգոնության բարձրացումն ու առարկայական պատրաստվածությունը, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը մշտապես «զուգորդում» է բանակցությունն ու ռազմական ուժը: Եվ քանի դեռ այդ հարցում Բաքուն չունի միջազգային արգելապատնեշներ, Երևանը պետք է ունենա գերբարձր զգոնություն: Այդ իմաստով, վաշինգտոնյան բանակցային ռաունդից հետո Անվտանգության խորհրդի նիստը ենթադրաբար հենց այդ ուշադրության ու զգոնության ցուցադրում է, մի կողմից հնարավոր է կանխարգելիչ տրամաբանությամբ, մյուս կողմից նաև միջազգային գործընկերներին ուղղված «հասցեականությամբ», գուցե նաև «կանխավ» հասցեականությամբ, որպեսզի Բաքվի հնարավոր ապակառուցողական մեթոդաբանության կիրառման պարագայում Երևանը ունենա սեփական պատասխանատվության լիարժեք դրսևորում՝ միջազգային պատասխանատվության առարկայական և փաստարկված շեշտադրումների համար: