Ռուսաստանի քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի ղեկավար, պահեստազորի գնդապետ Անատոլի Ցիգանոկը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նկատեց, որ ՆԱՏՕ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության ռադիոտեղորոշիչ կայանների տեղակայումը՝ տարբեր վայրերում, բավականին հուզում է Ռուսաստանին: Սակայն, ըստ նրա, Թուրքիայում տեղակայվելիք կայանը այդքան էլ չի անհանգստացնում Ռուսաստանին, քանզի Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ, թերևս, միակ երկիրն է, ում հետ Ռուսաստանը նորմալ հարաբերություններ ունի. «Ավելին՝ եղել են նաև դեպքեր, երբ Թուրքիան և Ռուսաստանը միասին թույլ չեն տվել ՆԱՏՕ-ի ծովային ուժերի մուտքը Սև ծով»:
Ցիգանոկը նկատեց, որ Թուրքիան թույլ է տվել կայանի տեղակայումը մեկ պայմանով, որ դրա միջոցով ստացված տեղեկատվությունը ոչ մի դեպքում չի փոխանցվելու Իսրայելին:
Ռուս փորձագետը նկատեց, որ ներկայումս Կովկասում անվտանգության երեք համակարգ է գործում` ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը և ՇՀԿ-ն, ինչը հնարավորություն է տալիս, որ տարածաշրջանում անհրաժեշտ հավասարակշռություն պահպանվի:










































