Դրանք Արցախի շահերին հակասող քայլեր են, եթե չասենք Արցախի կործանման են տանում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի հեղափոխական կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԺ-ի հայտարարությանը, որտեղ կոչ է արվում Հայաստանին անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները, մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը:
«Հարցն այստեղ այն է, թե այդ պատգամավորները դա գիտակցաբար են անո՞ւմ, թե՞ անգիտակցաբար: Եթե գիտակցաբար է, սա ազգային դավաճանություն է, եթե ոչ գիտակցաբար են անում, պետք է գիտակցեն, որ դա տարբերակ չի՝ միջազգային մեխազնիմներից, միջազգային ֆորմատից հրաժարվել հօգուտ բունկերային բանակցային ֆորմատի, որի հիմքը դրել է հայտնի Վիտալի Բալասանյանը՝ «մեծ ռազմաքաղաքական ասկերանյան գործիչը», որը մեզ հասցրել է մինչև բլոկադայի: Հիմա բոլոր 5 կուսակցությունների, իրենց առաջնորդների և իրենց քաղաքական «պապաների» գաղափարը այնպիսին է, որ Ռուսաստանն է ու վերջ»,-ասաց նա:
Արթուր Օսիպյանը նկատեց, որ այսօր ակնհայտ է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը չկա. «Նրանք դիմել են Ադրբեջանին, որ իրենց հնարավորություն տան այդ միջանցքով զորքի մատակարարումը տեղ հասցնել: Ռուսաստանը դիմել է Ադրբեջանին, ինքը չկա, ապենդիքս է այստեղ, ավելորդ մսագունդ է մեր վզին չոքած ու մեր ժողովրդին շեղում է, թե տեսեք, մենք դեռ կանք և մենք ենք ապահովում ձեր անվտանգությունը»,-ասաց նա:








































