Ռուսաստանում բռնկված «ապստամբությունը» փաստորեն նույնքան արագ էլ մարեց, առանց որևէ արյունահեղության և հետագա ապակայունացման: Հունիսի 23-ի գիշերը բռնկված իրավիճակը, որը սկսել էր Վագներ մասնավոր զորամիավորման հիմնադիր, գործարար Պրիգոժինը՝ հայտնի շեշտադրումներով և քայլերով, փաստորեն հանգուցալուծվեց գրեթե մեկ ամբողջ օր հետո, Պրիգոժինի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի բանակցության շնորհիվ: Պարզվեց, որ նրանք քսան տարի ծանոթ են անձնապես: Լուկաշենկոյի հետ բանակցության արդյունքում Պրիգոժինը հայտարարեց, որ իրենք «արդարության երթ» են իրականացրել, առանց որևէ կաթիլ արյուն թափելու, բայց արդեն կա այդպիսի վտանգ և իրենք վերադառնում են դաշտային ճամբարներ:
Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը ողջունելով Լուկաշենկոյի ջանքը, խոստացել է, որ թույլ կտա Պրիգոժինին հեռանալ Ռուսաստանից Բելառուս: Ապստամբության մասնակից Վագների մարտիկները ներում կստանան՝ Ուկրաինայում մարտական վաստակի շնորհիվ: Պրիգոժինի դեմ քրեական գործը կկասեցվի: Այդպիսով, մեկօրյա «ապստամբությունը» ավարտվեց, բայց թերևս միայն իր առերևույթ դրսևորումով, քանի որ գրեթե կասկածից վեր է, որ տեղի ունեցածը ինքնին շարունակելու է իր ազդեցությունը Ռուսաստանի իշխանության ներսում: Հնարավոր է ասել, որ այդ ազդեցությունը կարող է նման լինել «սանիտարական» գործոնի՝ ՌԴ նախագահ Պուտինի ձեռքին:
Պրիգոժինի քայլը փաստացի Պուտինին տալիս է իշխանության տարբեր ներկայացուցիչների ու գերատեսչությունների, տարբեր խմբերի հանդեպ քայլերի լայն հնարավորություն, ու նաև հենց դրանով է ուշագրավ այն, որ տեղի է ունենում մեկօրյա, «ակնթարթային ապստամբություն»: Այդ պրոցեսներն արդեն հիմնականում կծավալվեն «ստորջրյա» տրամաբանությամբ, ժամանակ առ ժամանակ իհարկե իրենց որևէ դրսևորումով կամ արդյունքով «լողալով վերև»:
Հայաստանի և Արցախի համար շատ կարևոր է, որ Ռուսաստանում իրավիճակը հանգուցալուծվում է առանց ապակայունացման և քաոսի: Այնպես չէ, որ կայուն Ռուսաստանը հուսալի անվտանգության երաշխիք է, անթերի մեխանիզմ, արդյունավետ մեխանիզմ, սակայն կասկածից վեր է, որ քաոսի, ապակայունացման մեջ հայտնված Ռուսաստանի պարագայում Հայաստանի և Արցախի անվտանգության միջավայրում ռիսկերն ու սպառնալիքները բազմապատկվելու էին: Կասկածից վեր է նաև, որ առկա անվտանգության մեխանիզմների արդյունավետությունը մեղմ ասած խնդրահարույց է և Հայաստանի ու Արցախի համար կարևոր է փնտրել, գտնել ամրապնդման հավելյալ մեխանիզմներ, սակայն, հույժ կարևոր է, որ այդ մեխանիզմները լրացնեն նրանց, որոնք առկա են Ռուսաստանի ներկայությամբ, և անգամ «փոխարինման» տրամաբանություն դիտարկելու դեպքում, այդ գործընթացը տեղի ունենա միանգամայն սահուն, հանդարտ, փոխադարձաբար համադրված ընթացքով: Վակուումները Հայաստանի ու Արցախի համար կարող են լինել ճակատագրական և այդ իմաստով կարևոր է, որ Ռուսաստանի իրադարձությունները, համենայն դեպս գոնե առայժմ չեն չծավալվեցին այդ վակուումների առաջացման անխուսափելիության տրամաբանությամբ:









































