Բոլոր գերատեսչությունները ջանում են հնարավորինս բոլոր խողովակներով աշխատել, որպեսզի այդ իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի և վերականգնվի բնականոն տեղաշարժը՝ թե մարդկանց, թե ապրանքների և դեղամիջոցների: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Արցախ-Հայաստան ճանապարհի անանցանելիությանը:
«Բացի դրանից, հումանիտար իրավիճակը ժամ-ժամ փոխվում է, որովհետև պաշարները սպառվում են»,- ասաց նա և նշեց, որ պլանային բժշկական օգնության կարիքները չեն սպասարկվում, դրանք դառնում են անհետաձգելի բժշկական կարիք:
«Ստեփանակերտի մեր հիվանդանոցը հագեցած է, ունի համապատասխան մասնագիտական թիմ, բայց կան նեղ մասնագիտական ուղղություններ, որոնք հնարավոր է սպասարկել միայն Երևանում»,- ասաց նա և նշեց, որ թիվ չի կարող հնչեցնել, քանի որ իրավիճակն անընդհատ փոփոխվում է:











































