Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի մակարդակում կա համաձայնեցված հայտարարության տեքստ, որում արձանագրվում է, որ «տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որն անցնելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղիով»: «Ելնելով կողմերի ինքնիշխանությունից՝ փաստաթուղթը սահմանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը հատելու կարգին վերաբերող հիմնական մոտեցումները։ Կողմերից ոչ մեկ կասկածի տակ չի դնում, որ այդ ճանապարհի առանձին հատվածները կլինեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում գտնվում են։ Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Հայաստանում կկիրառվի հայկական օրենսդրությունը, իսկ Ադրբեջանում՝ ադրբեջանական:
Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի», հայտարարել է Օվերչուկը: Նա նշել է, որ գլխավոր խնդիրը վստահությունն է, մասնավորապես, թե ինչպես է օրինակ ապահովվելու այն մարդկանց անվտանգությունը, որոնք կանցնեն Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով: Օվերչուկն ասում է, որ այժմ փորձում են գտնել այդ հարցերի պատասխանները, սակայն դրանք բարդ են, հատկապես սահմանին չդադարող կրակոցների ֆոնին: Թերևս անկասկած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործնականում անհնարին է այնպիսի փոխհամաձայնությունը, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել տեղաշարժը առանց երրորդ կողմի: Հազիվ թե Հայաստանի քաղաքացիները վստահ են Ադրբեջանի անվտանգությանը, իսկ ադրբեջանցիները՝ Հայաստանի:
Նոյեմբերի 9-ի հայտարարության հայտնի 9-րդ կետում կարդում ենք. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
Այս կետում ռուսական վերահսկողության հանգամանքը մեզանում առավելապես մեկնաբանվում է որպես Հայաստանով անցնող ճանապարհի վերահսկողություն: Գործնականում սակայն, եթե կարդանք առավել ուշադիր, ապա այնտեղ գրվածը առնվազն ենթակա է տարբեր մեկնաբանության: Մասնավորապես, իններորդ կետը սկսում է նրանով, որ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Ի՞նչ է նշանակում բոլոր: Դա նշանակում է, բոլոր այն ճաապարհները, որոնք փակ են: Իսկ փակ է ոչ միայն Ադրբեջանից Նախիջևան, այլ նաև Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, Նախիջևանի տարածքով դեպի Իրան ճանապարհները: Հայաստանը, ըստ այդ կետի, երաշխավորում է անվտանգ հաղորդակցությունը Ադրբեջանի ու Նախիջևանի միջև: Թե ինչու՞ չի շեշտադրված նաև այն, որ Ադրբեջանն էլ իր հերթին պետք է երաշխավորի Հայաստանի կապը Ռուսաստանի և Իրանի հետ, սա մի հարց է: Հնարավոր է ենթադրել, որ Հայաստանը չի կարողացելլ դա պնդել՝ հայտնի իրադրության պատճառով, Ռուսաստանն էլ շատ չի ցանկացել, դարրձյալ գուցե հայտնի պատճառներով, այդպիսով ապահովելով գոնե առերևույթ «բալանս» Լաչինի միջանցքի և մյուս ճանապարհների հիշատակման մասով: Բայց, եթե դրանք հիշատակված չեն, ամենևին չի նշանակում, որ իններորդ կետում խոսքը լոկ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան կապի մասին է:
Առավել ևս, որ այնտեղ նույնիսկ Ադրբեջան էլ գրված չէ, այլ Ադրբեջանի արևմտյան շրջաններ և Նախիջևանի ինքնավար հանրապետություն կապ: Դա նշանակում է, որ միայն Ադրբեջանի արևմտյան շրջանների՞ց իրավունք կունենան մեկնել Նախիջևան, իհարկե ոչ: Հետևաբար, առաջին նախադասությունը, որ ապաշրջափակվում են բոլոր ճանապարհներն ու տրանսպորտային ուղիները, վերաբերում է բոլոր ուղղություններին: Եվ թերևս նույնին վերաբերում է նաև ՌԴ ԱԴԾ վերահսկողության հանգամանքը: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերհսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ մարմինները, նշված է իններորդ կետում: Բայց արդյո՞ք խոսքը հենց միայն Հայաստանի տարածքով հաղորդակցության, թե՞ «ապաշրջափակվող բոլոր ճանապարհներով» հաղորդակցության վերահսկողության մասին է: Այդտեղ չկա ուղիղ որևէ խոսք, բայց, օրինակ որևէ փաստաթղթում չի եղել որևէ ուղիղ խոսք այն մասին, որ Հայաստանը պետք է իր զինուժը հետ քաշեր Գորիս-Կապան ճանապարհի հատվածից՝ հանձնելով ճանապարհը ադրբեջանցիներին: Ավելին, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված էր, որ զորքերը մնում են իրենց կանգնած դիրքում: Ըստ ամենայնի, բացի հայտարարության հանրայնացված տեքստից, կան թերևս նաև բանավոր պայմանավորվածություններ, կամ չհանրայնացված գրավոր սահմանումներ, որոնք տարբեր են նոյեմբերի 9-ի հայտարարության առերևույթ բովանդակությունից և հենց դրանով նաև բավականին բարդ՝ իրականություն դառնալու տեսանկյունից:








































