Այսօր «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի (CPT)» պատվիրակության կողմից կազմված 2010 թ. զեկույցի և դրա հետ կապված հիմնախնդիրների վերաբերյալ քննարկմանը մասնակից Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բանակում դաժանորեն սպանված երիտասարդներ Աղասի Աբրահամյանի, Հայկ Մկրտչյանի և խաղաղ պայմաններում սպանված մյուս երիտասարդների հիշատակը:
Քննարկումը կազմակերպվել էր «Մարդու իրավունքների ազգային ցանց», «Փենալ Ռեֆորմ Ինթերնեյշնլը (PRI)» և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունների կողմից, որոնց ներկայացուցիչները հանդես եկան իրենց բացման խոսքերով և զեկույցի հնարավորություն տվեցին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, ով իր զեկույցում ամփոփ տվյալներ նեկայացրեց խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին` մասնավորապես ՀՀ բանակում և ոստիկանությունում: Նրա տրամադրած տվյալների համաձայն` այս տարի ՄԻՊ-ը բանակից ստացել է 50 դիմում-բողոք, որոնցից լուծում է տրվել 26-ին: Կարեն Անդրեասյանն այս ցուցանիշը համարեց հուսադրող, քանի որ, նրա փաստմամբ, նախորդ տարիներին ավելի քիչ դիմում-բողոքների է պատասխան տրվել:
Իր զեկույցով՝ հանդես եկավ նաև Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով հիմնականում անդրադարձավ կալանավայրերում բռնությանը և խոշտանգումներին:








































