Հայաստանը կարող է յուրօրինակ էլեկտրաէներգետիկական հանգույց դառնալ տարածաշրջանում: Այս մասին Սոչիում Եվրասիական Կոնգրեսի լիագումար նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների ներուժի ամրապնդումը պայմանավորված է էներգաանվտանգության ապահովման գրագետ մոտեցմամբ:
«Ելնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններից՝ մեզ անհրաժեշտ է նոր մոտեցում էներգետիկ օրակարգին։ Հայաստանում ներկայում փուլային անցում է կատարվում էներգետիկ շուկայի ազատականացմանը։ Հայաստանը զարգացնում է արտադրական հզորությունները, իրականացնում է էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում։ Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը նոր հնարավորություններ կստեղծի տարանցիկ, ներմուծման, արտահանման կամ էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակման ավելացման համար: Այս տեսանկյունից Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույց»,- նշել է ՀՀ վարչապետը։









































