Երբ տեսնում ես, որ մի չքավոր ընտանիքի զինվորի դիակ էլ են բերում հայրենի օջախ, հարց է առաջանում` այդ ինչպե՞ս է լինում, որ հիմնականում հենց նրանց (կամ կամքից քիչ թե շատ ուժեղ տղաների) հետ են նման դժբախտ դեպքեր պատահում (Հայկ Մկրտչյան, Արթուր Մխիթարյան, Վարդան Սևյան. ցանկը կարելի է շարունակել):
Եվ մի օր շատ պատահաբար ձեռքս ընկավ մարզերից մեկի զինկոմիսարիատի կողմից զորակոչիկին տրված «նոմենկլատուրային» ցուցակ. զորակոչիկը մինչև բանակ գնալը պետք է լրացներ այն և զինկոմիսարիատին տեղեկացներ, թե ընտանիքը քանի անդամից է բաղկացած, ով քանի տարեկան է, ծնողներն ինչով են զբաղվում: Սա հիշեցրեց տարիներ առաջ մայրաքաղաքի դպրոցներից մեկի` առաջինդասարանցիներին տրվող հարցաթերթիկը, որտեղ մի քանի շատ հետաքրքրական հարցեր կային. օրինակ` ծնողները որտեղ են աշխատում, ինչ շրջապատ ունեն, ինչով կարող են դպրոցին օգնել: Իսկ զինկոմիսարիատի թերթիկից այնպիսի տպավորություն ստացա, թե ինչ պիտի ուզեն այդ ընտանիքից, և եթե նրանց երեխայի գլխին մի բան «սարքվի»` ինչպես կարող են լռեցնել: Համենայնդեպս, իմ պրակտիկայում քիչ չեն եղել դեպքերը, որ սպանված կամ մահացած զինվորի ընտանիքը ոչ միայն չքավոր ու անզոր է եղել, այլ նաև ավելի փոքր զավակ են ունեցել, ում զորակոչը մոտ է, և նրա հանգամանքը հանգիստ կարող է օգտագործվել որպես լռեցնելու լծակ:
Եվ կրկին անհանգստացնող այն կարևոր հարցը. ինչո՞ւ են դժբախտ դեպքերը, հանցագործությունները մեծամասամբ որոշ զորամասերում կրկնվում: Մեր այսօրվա հրապարակման առանցքում Գորիսի այն զորամասն է, որտեղ հրազենային կրակոցից մահացել էր Ճամբարակի բնակիչ Վարդան Սևյանը: Հիշեցնենք, որ համաձայն ՊՆ-ի վարկածի` օգոստոսի 19-ին ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Վարդան Սևյանը (ծնվ. 1991թ.) ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում: Նա չորս ամսից պետք է զորացրվեր: Վարդանը վերջին անգամ մոր` Սուսաննայի հետ խոսել է օգոստոսի 18-ին` «պոլիգոնից» զորամաս տեղափոխվելու օրը, մեկը` 5:30-ին, մյուսը` 20:00-ին: Կաշկանդված խոսել ու անջատել է: Այդ մասին մայրը պատմել էր «Առաջին լրատվական»-ի լրագրողին: Արտաշատում, Ղափանում ծառայելիս նա չի դժգոհել, իսկ Գորիս տեղափոխվել է դեպքից չորս ամիս առաջ: Վարդանին, ըստ զորամասից «բաց թողնված» ինֆորմացիայի, գտել են վրանում` ինքնասպանված, ձեռքում` անհայտ աղջկա նկար: Մոր խոսքով, դիակը տուն են բերել. «Թևերը բինտով կապած էր, վիզը կտրած էր, անշնորհք ձևի կարած էր, ականջների կողքերն էլ կարած էին»: Հրամանատարը պատմել է, որ մոտ մեկ ամիս Վարդանը պրոբլեմ է ունեցել սպայի հետ:
Այժմ անդրադառնանք այս նույն զորամասում վերջին շրջանում կատարված այլ հանցագործություններին: Քանաքեռի բնակիչ, ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ, 20-ամյա Գուրգեն Միքայելյանը այս տարվա մարտին, կեսօրից հետո ընդգրկված է եղել օրվա վերակարգում` որպես գումարտակի հսկիչ-անցագրային կետի հերթապահ: Երբ զինվորներից մեկին կապոց են բերել, ցանկացել է բացել այն: Նրա օգնականը` վերակարգում ընդգրկված Պողոսյան Արթուրը թույլ չի տվել: Եվ դա առիթ է դարձել, որ Գուրգեն Միքայելյանը վեճի բռնվի իր ենթակայի հետ, բռունցքով հարվածներ հասցնի նրան և անպարկեշտ ձևով ստորացնի նրա պատիվն ու արժանապատվությունը: Նախաքննական մարմինը նրա արարքը դասել է ոչ մեծ ծանրության հանցանքների թվին, և նրան հանձնել զորամասի հրամանատարությանը, որը նրա մասին դրական բնութագիր է տվել դատարանին: Իսկ դատարանը այս տարվա մայիսին նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քր.օր.-ի 360-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտել կալանքի` 1 ամիս ժամկետով, ապա համաներել, քանի առավելագույնը երեք տարվա ազատազրկման դատապարտման դեպքում օրենքը թույլ է տալիս նման որոշում կայացնել:
Հաջորդ դեպքը կատարվել է երեք երեխաների հայր, դասակի հրամանատարներից մեկի` 36-ամյա կապիտան Գարիկ Վանեսյանի մասնակցությամբ: Դեպքը կատարվել է 2011թ. փետրվարի 23-ին` առավոտյան: Վաշտի լսարանում, չթույլատրված ժամին քնելու համար նա ապտակել է իր ենթակային` ժամկետային զինծառայող, շարքային Վիրապ Սահակյանին և անպարկեշտ ձևով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը: Նա ստորագրություն է տվել չհեռանալու մասին և շարունակել ծառայությունը: Ի դեպ, տուժողը ինքն է խնդրել պատժել, բայց` չազատազրկել պետին: Պետն էլ մեղադրանքն ընդունել է: Դատարանն էլ հաշվի առնելով, որ նա լավ ծառայող է, բարեխիղճ է և նախկինում դատապարտված չի եղել, 3 երեխաների հայր է` Գարիկ Վանեսյանին դատապարտել է ազատազրկման 3 ամիս ժամկետով և պայմանականորեն այն չկիրառելով` սահմանել փորձաշրջան` 1 տարի ժամկետով և հանձնել զորամասի հրամանատարությանը: Ավելի ուշ նա ևս համաներվել է և պատժից ազատվել:
Հաջորդ դեպքի հերոսները ժամկետային զինծառայողներ Սարգիս Հակոբյանն ու Ալեքսեյ Սարգսյանն են. նրանք խախտել են կանոնագրքային կանոնները և հայտնվել մեղադրյալի կարգավիճակում: Սարգիսը և Ալիկը ինչ-որ անհայտ պատճառով վիճել են, միմյանց քաշքշել, և Սարգիսը հարվածել է Ալիկի դեմքին` մարմնական թեթև վնասվածք հասցնելով նրան: Երկուսն էլ հանձնվել են հրամանատարության հսկողությանը:
Իսկ այս զորամասի հրամանատարը փոխգնդապետ Ալեքսանդր Ցականյանն է` այդ զորամասի շտաբի նախկին պետը: Իսկ նրանից առաջ, լրատվամիջոցներից մեկի տեղեկություններով, եղել է Արտակ Բուդաղյանը, ով խառնվելով 2010թ. հունիսին կայացած Գորիսի քաղաքապետի ընտրություններին և աշխատելով այն ժամանակվա քաղաքապետ, «Հանրապետական» կուսակցության անդամ Նելսոն Ոսկանյանի դեմ` նրա մրցակից` իր եղբոր օգտին, հեռացվել էր ծառայությունից, իսկ ավելի ուշ ծառայության անցել ԼՂՀ զորամասերից մեկում: Իսկ նրանից առաջ` 2007թ.-ին Գորիսի այս զորամիավորումը հայտնի է եղել «Գորիսի Մելոյի զորամաս»` գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի անունով: Այստեղից այդ տարվա ընթացքում զենքեր էին անհետացել, և այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրահանգով ստուգումներ էին սկսվել այնտեղ, քանի որ կասկած կար, որ դրանք կարող է հայտնված լինեն թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել Բաբայանի մոտ, որտեղ ԱԺ ընտրություններում իր թեկնածությունն էր դրել Սերժ Սարգսյանի եղբայրը:
Հ.Գ. Այս ամենը հիմնավորում է այն կարծիքը, որ Պաշտպանության նախարարության համակարգի կադրային բարեփոխումները նախարարից և գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովից պետք է սկսել: Բայց առայժմ այնպիսի տպավորություն է, որ վերջինս իր աթոռին «ցեմենտ-բետոնված է» և նրան «կոշով» պետք է հանել:








































