Երեկ Հայաստանում էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը, ով անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորման գործընթացին շեշտել էր, որ ԵՄ-ն ցանկանում է ֆակուլտատիվ աջակցություն ունենալ Մինսկի խմբի գործունության ընթացքում:
Նկատենք, որ սա ԵՄ պաշտոնյաների կողմից արված առաջին հայտարարությունը չէ, հատկապես Կազանի հանդիպման նախօրերին և հետո, երբ նրանք խոսում են ՄԽ-ում ԵՄ ակտիվացման մասին:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում ևս հիշեց, որ Կազանի հանդիպումից առաջ նման հայտարարություններն ակտիվացել էին: Նա հիշեցրեց, որ Եվրախորհրդարանում Կազանի հանդիպումից առաջ ԼՂ հարցի վերաբերյալ լսումներ եղան, որտեղ առավել շատ խոսում էին Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահները. «Արդեն այն ժամանակ ընդգծվում էր, որ ԵՄ-ն պիտի լինի ակտիվ և ունի իր շահերը տարածաշրջանում, անգամ ֆրանսիացի համանախագահը խոսեց հայեցակարգի փոփոխության մասին, եթե Կազանում առաջընթաց չլինի»:
Սարգսյանի խոսքերով, այդ զրույցներն ու հայտարարությունները պատահական չեն և հենց այնպես չեն արվում: Ըստ Սարգսյանի՝ ինքնին հետաքրքիր փաստ է այն հայտարարությունը, որ հայեցակարգի փոփոխության կարիք կա:
Մանվել Սարգսյանը նկատեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կազանից հետո ռուսական միջնորդության հետ խնդիրներ առաջացան, վերջինիս միջնորդություններն անտարբերության մատնվեցին, Մեդվեդև-Ալիև հանդիպումը ևս անարդյունք էր և որևէ կոնկրետ քայլեր չեն եղել՝ կարելի է ենթադրել, որ ռուսական դիվանագիտության հետ կապված խնդիրներ կան: Հնարավոր է ԵՄ-ն օգտվի այս առիթից»:









































