Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ուսանողները քաղաքապետարանի խնդրանքով կնկարազարդեն Երևանի կենտրոնի շենքերի կամարները, այսպես ասած՝ դալանները:
Արդեն այսօր Երևանի փողոցներում շրջելիս կարելի հանդիպել կամարները նկարազարդող երիտասարդների խմբերի, նրանցից երկուսին ֆիքսել է «Առաջին լրատվական»-ի տեսախցիկը:
Ուսանողներից մեկի խոսքերով` կամարները նկարազարդելը քաղաքապետարանի նախաձեռնությունն է, սակայն նկարների էսքիզները ուսանողներինն են:
Քաղաքապետարանից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ, ընդհանուր առմամբ, պետք է նկարազարդվի 15 շենքի կամար, որոնցից 7-ում կաշխատեն 4 պրոֆեսիոնալ նկարիչներ, 8-ում` կամավոր ուսանողներ:
«Նախաձեռնության նպատակը քաղաքի ընդհանուր տեսքի բարելավումն է և կամարների բանահյուսական տհաճ գրառումներից ազատվելը»,- ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն ու հավելեց, որ նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև սեպտեմբերի 21-ը:








































