ՀՀ կառավարության այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված՝ արտերկրի երաժիշտների մասնակցությամբ համերգաշարի կազմակերպման նպատակով՝ «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրատվություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ։
Նիստում հաստատվել է «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով նախատեսված հատկացումների բաշխումն՝ ըստ առանձին հրատարակումների և իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների։ Որոշման հիմնական նպատակը ստեղծագործողներին և հրատարակչություններին աջակցություն ցուցաբերելն է` հրատարակելու ժամանակակից գեղարվեստական, մանկական, թարգմանական, ինչպես նաև՝ գիտահանրամատչելի գրականություն։
Գործադիրը, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկով հաստատած «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը», հեշտացրել է մաքսային հսկողության ընթացքում կարագը մարգարինից և սփրեդից տարբերելու գործընթացը` կարգավորելով հանրապետություն ներկրվող կաթնամթերքի նույնականացումը և մեծացնելով պետական վերահսկողության արդյունավետությունը։









































