Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակի առնչությամբ:
«Այս առավոտյան Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանը հակամարտության ընթացքում յոթերորդ անգամ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից և ստիպված է եղել անցնել վթարային դիզելային գեներատորների։ Ատոմակայանում միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակը չափազանց փխրուն է: Մենք պետք է հենց հիմա համաձայնության գանք կայանը պաշտպանելու հարցում: Այս իրավիճակը չի կարող շարունակվել», – գրել է գործակալության ղեկավարը Twitter-ում:









































