Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 17-ին ռուսական «Ցարգրադ» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է եղել «ճիշտ նույն կերպ» օգնել Հայաստանին, ինչպես 2022-ի հունվարին օգնել էր Ղազախստանին։
«ՀԱՊԿ-ը ապացուցեց իր կենսունակությունը, երբ 2022-ի հունվարին Ղազախստանը օգնություն խնդրեց։ Մենք արդյունավետ աշխատեցինք։Մենք պատրաստ էինք ճիշտ նույն կերպ օգնել նաև ՀԱՊԿ նույնպիսի անդամ Հայաստանին»,- ասել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նաև նշել է, որ հայկական կողմն է 2022-ի աշնանը անցկացված ՀԱՊԿ նիստում հրաժարվել Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելուց։
«2022-ի աշնանը կազմակերպության երևանյան գագաթնաժողովին փաստաթուղթ էր պատրաստվել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ՝ համաձայն մեր հայ դաշնակիցների խնդրանքին»,- նշել է Լավրովը։
Հիշեցնենք, որ 2022-ի հունվարի 6-ին Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ երկրում բռնկված ցույցերի և զանգվածային անկարգությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով՝ Ղազախստանի նախագահի պաշտոնական դիմումի հիման վրա։ Այդ ժամանակ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդը նախագահում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն էլ հայտնել էր Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման մասին։
Միացյալ զորախումբը, որը բաղկացած էր մոտ 2030 զինծառայողից և 250 միավոր տեխնիկայից (այդ թվում՝ ծանր ռազմատեխնիկա), ուղարկվել էր կազմակերպության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Ղազախստանի դիմումի հաջորդ իսկ օրը։
Միաժամանակ, Հայաստանի տարածքի նկատմամբ 2021-ի մայիսին և հոկտեմբերին, ինչպես նաև 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ը Հայաստան ռազմական ուժ կամ խաղաղապահ զորախումբ ուղարկելու պատրաստակամություն չի հայտնել՝ չնայած հայկական կողմի պաշտոնական դիմումներին։
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ Ղազախստանի հետ համեմատությունը տեղին չէ.«ՀԱՊԿ-ի օգնությունը Հայաստանին կապված է Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակի հասունացմամբ, իսկ Ղազախստանում ՀԱՊԿ-ի օգնությունը ներքաղաքական անկայունության էր առընչվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Թե ինչու Լավրովը նման հայտարարություն արեց, Քեռյանը գտնում է, որ դա կապված է հայ-ռուսական հարաբերություններում նկատվող սառեցման տենդենցի և փոխըմբռնման պակասի հետ.«ԻՀարկե սա նոր չէ։ Ռուսաստանի նկատմամբ որոշակի անվստահությունը խորացավ 44 օրյա պատերազմի հետ կապված, կար լուրջ դժգոհություն Ռուսաստանի իներտ վերաբերմունքի հետ կապված։ Դա խորացավ նաև 2021 թվականի Ջերմուկի, ապա Սոթքի ու Տեղ գյուղի իրադարձությունների հետ կապված։ Ընդհանուր առմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունների սառեցումն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ Ռուսաստանը հիմա պարզապես հնարավորություն չունի այլ տարածաշրջաններում ծավալվել։ Օբյեկտիվ է նաև այն, որ Ռուսաստանը չի ցանկանում Ադրբջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնել, ուստի միջանկյալ ու չեզոք դիրքորոշում է որդեգրել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ։ ՌԴ-ն փորձում է թե՛ պահպանել Հայաստանի ռազմավարական դաշնակցի դիմագիծը և թե՛ միաժամանակ ռազմավարական համագործակցությունն Ադրբեջանի հետ, որն իր համար շատ կարևոր է»,-ասաց մեր զրուցակիցը։
Քեռյանը հիշեցնում է, որ Թուրքիան չի միացել Ուկրաինայի դեմ պատժամիջոցներին և հենց դա է պատճառը, որ Ղարաբաղի հարցն այսօր հօգուտ Հայաստանի չի լուծվում.«Այս բոլոր իրողություններին պետք է գումարել նաև սուբյեկտիվ հանգամանքը։ Թաքցնելու բան չէ, որ վերջին տարիներին ՀՀ իշխանությունների կողմից կա շարժ՝ արտաքին քաղաքական վեկտորը դեպի արևմուտք փոխելու ուղղությամբ։ Հիմա Լավրովի հայտարարությունն, ըստ իս, կապված է հենց այս իրողության հետ՝ Հայաստանը շարժվում է դեպի արևմուտք։ Հայաստանը չստորագրեց նաև ՀԱՊԿ եզրափակիչ փաստաթուղթը, հրաժարվեց թույլատրել ՀԱՊԿ զորավարժություննեն անցկացնել Հայաստանում, ինչպես նաև ՀՀ իշխանավորները խիստ քննադատական հեռտորաբանությամբ են խոսում ՀԱՊԿ-ի մասին։Եթե վերցնենք այն ընդհանուր ընկալումը, որ արևմուտքը փորձում է հետխորհրդային տարածքից դուրս մղել Ռուսաստանին, ապա այժմ Կրեմլից երևի թե հասկացել են, որ այնքան շատ բացթողումներ են արել Հարավային Կովկասում և Հայաստանի հետ հարաբերություններում, որ եթե հետագայում այսպես շարունակվի, ապա մոտ ապագայում կկորցնեն նաև իրենց ազդեցությունը ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանի նկատմամբ»։
Մեր զրուցակիցը համարում է, որ Կրեմլը փորձում է որոշակի շտկումներ անել և առաջին հերթին մեղմել հակառուսական տրամադրությունները Հայաստանում.«Միևնույն ժամանակ այլընտրանքային ներկայություն ապահովել Հայաստանում, որպեսզի ևս մեկ լրացուցիչ գործիք ունենան Հայաստանում ազդեցությունը պահպանելու համար։ Ճիշտ է՝ իրենք ունեն ռազմական ներկայություն Արցախում, բայց ՀԱՊԿ նոր դիտորդական առաքելությունը ավելի ամուր կդարձնի ռուսական ազդեցությունը»։
Միևնույն ժամանակ Քեռյանը խորհուրդ է տալիս չընկնել պատրանքների գիրկը.«Ռուսական ազդեցությունը միայն դիտորդական առաքելությամբ կամ ռազմակայանով չէ որոշվում։ Ռուսաստանը շատ խորն է ներթափանցել այստեղ։ Թե տնտեսությունը և թե՛ կոմունիկացիները դեպի արտաքին աշխարհ, թե՛ հայ-թուրքական սահմանի պաշտպանությունն իր ձեռքերում է։ Ամեն դեպքում՝ լավ թե վատ Ղարաբաղի անվտանգության երաշխավորն էլ այսօր ռուս խաղաղապահներն են։ Այնպես որ Լավրովի հայտարարությունը ևս կմեկնաբանեմ հետևյալ կերպ. ձեռք բերել ազդեցության ևս մեկ գոտի և կանգնեցնել Հայաստանի՝ դեպի արևմուտք շարժը»,-եզրափակեց նա։










































