«Արևմուտքը հայերին ազդակներ է ուղարկում՝ քշեք ռուսներին, – «Ցարգրադ» հեռուստաալիքի հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ես տեղյակ եմ (մենք նման տեղեկատվության տիրապետում ենք), որ [Արևմուտքը] հայերին ազդակներ է ուղարկում՝ «եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից՝ թե՛ սահմանապահներին և թե ՛ ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել ձեր անվտանգությունը», – պնդում է Լավրովը՝ նման պահվածքը «սադրանք» որակելով։Նույն հարցազրույցում Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման շուրջ քննարկումներին։
«2022 թվականի աշնանը՝ կազմակերպության Երևանում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ, մի փաստաթուղթ էր մշակվել, որով մեր հայ դաշնակիցների խնդրանքով նախատեսվում էր հայկական տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել։ Փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցվել էր արտգործնախարարների մակարդակում։ Հետագայում, վերջին պահին՝ գագաթնաժողովի ընթացքում, մեր հայ բարեկամները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը», – նշում է Լավրովը՝ ընդգծելով, որ այդ նախագիծն առայժմ շարունակում է մնալ թղթի վրա և պատրաստ է կյանքի կոչվելուն։
«Բայց եթե Երևանը հաստատեր այն, ինչ արդեն իսկ համաձայնեցվել էր և պատրաստ էր ստորագրման, ես համոզված եմ՝ Հայաստանը շահեկան դիրքում կհայտնվեր և ավելի կայուն վիճակ կունենար», – պնդել է Լավրովը։
ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ Լավրովի այդ հայտարարությունը դրական երևույթ է.«Այսինքն՝есть куда деваться»:
Ստացվում է, որ այնպես չէ, որ եթե ռուսները չլինեն՝ Հայաստանը փոշի, մոխիր կդառնա։ Հայաստանի համար մրցակցություն է ՝ ով ավելի շատ տա, ով ավելի վստահելի գործընկեր լինի՝ Հայաստանը կարող է ընտրել։ Այսինքն՝ ընտրել ավելի վստահելի, ավելի առաջընթաց, զարգացում ապահովող գործընկերոջ՝ անվտանգության բնագավառում։ Այնպես չէ, որ Հայաստանը անվտանգության սպառող է, Հայաստանը գործընկեր է, ինքն էլ կարող է ապահովել իր գործընկերոջ անվտանգությունն այս տարածաշրջանում։ Ռուսաստանը թող մտածի, որ մենք չէ, որ իրեն վռնդում ենք։ Թող այդ մասին ԱՄՆ-ին ասի, նոտայի տեսքով թող ուղարկի ԱՄՆ կառավարություն՝ մեզ մի վռնդեք, Հայաստանի լավ դաշնակիցն ենք, ապահովում ենք Հայաստանի անվտանգությունն զարգացումը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Արշակյանի խոսքերով՝ այս հայտարարությունն արդեն իսկ նախապատրաստական աշխատանքների հետևանքն է, գործընթացի սկիզբը կամ ինչ-որ հատվածը.«Երբ ԱԳ նախարարն ասում է՝ մեզ այնտեղից վռնդում են, արդեն նշանակում է, որ պրոցեսը գնում է։ Դա արդեն սթափվելու առիթ պետք է լինի։ Ռուսաստանն այդպիսով Հայաստանի անվտանգությունն ապահովող երկրներին պետք է միանա։ Սա ահազանգ է այն մասին, որ ՌԴ-ն տեղյակ է, որ ինքը չի կարողանում ապահովել ՀՀ անվտանգությունն ու զարգացումը։ Դա հենց այն մասին է, որ մենք հետագայում ասենք ՝դուք գիտեիք, մենք ձեզ նախազգուշացրել էինք, որ դուք ձեր գործը լավ չեք անում, չեք ապահվում մեր անվտանգությունն ու զարգացումը։ Մենք պետք է կոչ անենք ՌԴ-ին, որ սթափվի ու միանա մեր անվտանգությունն ապահովելու գործին, արդեն իսկ գոյություն ունեցող Մինսկի խմբում դառնա մեր դաշնակիցը»,-եզրափակեց նա։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքերով՝ Ռուսաստանն այսօր անդունդի մեջ է, ամբողջությամբ քայքայված է՝ իր իսկ գիշատիչ վերաբերմուքնի համար.«Իհարկե այս պայմաններում արևմուտքը մեզ պետք է օգնի, քանի որ Մոսկվան էլ օգնում է Ալիևին ու Էրդողանին։ Իրենց գնալը դրանով չէ պայմանավորված, իրենք ի վիճակի չեն մնալ ՝ մարդիկ հաշվում են ռազմական, տնտեսական պոտենցիալը, իսկ իրենք իրենց ամբողջ պաշարը սպառել են՝ մնացել է մոնղոլա-թաթարական ավանդույթն ու ամայությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Շիրինյանի՝ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ հնարավորինս շուտ գնան.«Հիմա ռուսների վիճակը բարդանում՝ Էրդողանի հետ կապված, քանի որ նա իրենց հարազատ եղբայրն է։ Նույնիսկ եթե ընտրվի՝ նա այլևս այն կայուն,ուժեղ Էրդողանը չի լինելու։ Ռուսաստանը թող գնա այլ հարցերով զբաղվի, ինչու՞ են ուզում մնալ Հայաստանում, ուզում են փրկե՞ն , մենք չենք ուզում փրկվենք։ Ինչու՞ են խառնվել իրար»։
Մեր զրուցակիցը գտնում է, որ արևմուտքը բարոյական պարտք ունի հայ ժողովրդի հանդեպ, միշտ խոստումներ է տվել, որոնք այս կամ այն չափով են իրականացվել. «Հայ ժողովուրդը մշակութային առումով Եվրոպա է, մենք կարող ենք ակնկալել Միացյալ Նահանգների օժանդակությունը, դիմակայել ռուսական մոնղոլա- թաթարական արշավանքին Հայաստանի դեմ։ Ինչու՞ են ուզում մնալ, ես չեմ ուզում, որ իրենք մեզ փրկեն։ Փողը վերցրել են, զենքը չեն տալիս, հայությունը պետք է պարզի՝ ինչ պարտք ենք ունեցել, որ գույքի դիմաց գործարքն իրականացավ։ ՀՀ իշխանությունները պետք է գան մոբիլիզացիոն վիճակի, որ եթե ռուսները գնան՝ ոչ մի բան իրենց հետ չտանեն։ Նրանք կարող են ամեն ինչ վերցնել ու գնալ, բայց իրենք իրենց այստեղի գոյությամբ են մեզ պարտք, իրենք գույք են պարտքի դիմաց։ Եթե ուզում են՝ ռևանշիստներին թող իրենց հետ տանեն։ Լավրովին խորհուրդ կտամ մտածել Մոսկվայի պաշտպանությունը կազմակերպելու մասին, քանի որ Բախմուտով մտնելու են»,-եզրափակեց նա։










































