«Գիտեմ, որ հայերին, մենք այդպիսի տեղեկություն ունենք, նրանք (ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները) ասում են, թե իբր, եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից, և սահմանապահներին նույնպես, հանեք ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Սա էլ դիվանագիտություն չէ… Չկա այլևս այդ դիվանագիտությունը։ Կա ուղիղ կաշառք», ռուսական Ցարգրադ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը: Լավրովի հայտարարությունը թերևս նույնպես դիվանագիտություն չէ, այլ գործնականում նույնպես սադրանք: Գուցե պատասխան սադրանք, սակայն՝ սադրանք: Փաստացի ստացվում է, որ արևմտյան երկրների և կառույցների հետ Հայաստանի աշխատանքը լավրովյան տրամաբանությունը դնում է ահա այդ «նշանաբանի» ներքո՝ աշխատանք Ռուսաստանին դուրս մղելու ուղղությամբ:
Մինչդեռ, եթե իրավիճակը դիտարկենք աշխատանքի գնահատականի մեխանիզմով, ապա Հայաստանից ինքզինք դուրս դնելու ուղղությամբ ամենից ինտենսիվը աշխատել ու աշխատում է Ռուսաստանը, իսկ մնացյալը պարզապես օգտվում են այդ աշխատանքից: Նույն Սերգեյ Լավրովն ինքը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում է արդեն գրեթե քսան տարի: Այդ տարիների ընթացքում Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի, Հայաստանի հանրության հանդեպ, աչքի է ընկել միմիայն ապաշնորհությամբ: Այդ ապաշնորհությունն էլ դարձել է Ռուսաստանի մրցակիցների «շնորհալիության» գլխավոր հենակետը: Այո, կասկածից վեր է, որ թե ԱՄՆ, թե այլ եվրաատլանտյան խաղացողներ Հայաստանի հանդեպ հետաքրքրություն ունեն ամենևին ոչ բարեգործական մղումներով կամ ելնելով հայ ժողովրդի հանդեպ անմնացորդ սիրուց:
Կա քաղաքական շահ, կա ազդեցության համար պայքար, և դա հասկանում են բոլորը: Բայց, եթե դա է, դեռ չի նշանակում, որ Հայաստանը չպետք է ձգտի սերտ աշխատել այդ խաղացողների հետ, առավել ևս, որ նրանք աշխարհում որոշում են շատ բան: Իհարկե ոչ ամեն ինչ՝ ինչպես կարծում են Հայաստանում շատերը, առավել ևս կովկաս-մերձավորարևելյան այս բարդ ռեգիոնում, բայց որոշում են շատ բան: Իսկ Հայաստանից շատ ջանք է պահանջվում բարդ ռեգիոնում, համաշխարհային բարդ իրավիճակում իր անվտանգության կարիքները հոգալու համար, կայունության կենսական խնդրի ընթացիկ լուծում ապահովելու համար: Իսկ դա պահանջում է սերտ աշխատանք Արևմուտքի հետ: Ամենևին ոչ միայն Արևմուտքի, այլ նաև արաբական պետությունների, հարևան Իրանի, Հնդկաստանի, ընդհուպ Թուրքիայի հետ՝ էրդողանյան Թուրքիայի, որին եղբայրաբար է ընդունում նույն Լավրովի ղեկավարը:
Հայաստանին այդ աշխատանքը անհրաժեշտ է, ընդ որում, դրանով Երևանը կամա, թե ակամա՝ լուծում է նաև հարցեր, որոնք պետք են նույն Ռուսաստանին, որովհետև, եթե Հայաստանի շուրջ կայունությունը չապահովվի, ապակայունությունը էլ ավելի է սրելու հանրային բացասական վերաբերմունքը հենց Ռուսաստանի հանդեպ, այդպիսով թերևս դառնալով Ռուսաստանի դուրսմղման գործուն խթան: Այնպես որ, այն, ինչ անում է Հայաստանը եվրաատլանտյան ուղղությամբ դիվանագիտական աշխատանքի տեսքով, գործնականում ոչ միայն Ռուսաստանի դուրսմղում չէ, այլ հակառակը՝ Ռուսաստանի «հոգսի թեթևացում», թեկուզ պայմանական կամ հարաբերական իմաստով: Թեև, Լավրովն իհարկե բավականին հմուտ դիվանագետ է այդ ամենը հասկանալու համար, պարզապես, այդ հմտության շրջանակում լավ գիտե նաև դիվանագիտության կարևոր կանոններից մեկը՝ լեզուն տված է դիվանագետին իրական մտքերը թաքցնելու համար:











































