«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարը հայտարարում է, որ ռուսական ուժերն այսօր կորցրել են մոտ հինգ քառակուսի կիլոմետր տարածք Բախմուտի մոտ։ Հրապարակված տեսաուղերձում Պրիգոժինը սուր քննադատության է ենթարկում Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, որը նախկինում հաստատել էր նրա ուժերի դուրսբերումը, այն անվանելով անցում դեպի ավելի բարենպաստ պաշտպանական դիրքեր։
Պրիգոժինը պաշտպանության նախարարությանը մեղադրում է ստի մեջ և ռուսական ուժերի վերախմբավորումն անվանում է «ոչ մարտավարական նահանջ»։ Ըստ նրա՝ դա ՊՆ զորամասերի փախուստն էր։ Պրիգոժինի խոսքով՝ այս նահանջը միայն այսօր նշանակում է հինգ քառակուսի կիլոմետր ընդհանուր կորուստ։
Պրիգոժինը նաև նշել է, որ Ուկրաինան գրավել է Բախմուտի մոտ գտնվող բոլոր մարտավարական բարձունքները։ «Վագների» ղեկավարի խոսքով՝ ուկրաինական ուժերն ամբողջությամբ ազատել են Չասիվ Յարը և Բախմուտը կապող ճանապարհը, որը Բախմուտում ուկրաինական ուժերի մատակարարման կարևոր ուղի է։
Պրիգոժինը ևս մեկ անգամ դժգոհեց պաշտպանության նախարարության կողմից իր մարտիկներին աջակցության բացակայությունից։ Նրա խոսքով՝ վագներյան ուժերը ստանում են անհրաժեշտ տեխնիկայի միայն 10 տոկոսը։ Մինչ այդ Պրիգոժինի «Telegram» ալիքը նամակ էր հրապարակել ՌԴ պաշտպանության նախարարին ուղղված, որում նա խնդրում է Սերգեյ Շոյգուին գալ Բախմուտ։
«Ներկայումս «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները վերահսկում են Բախմուտ բնակավայրի 95%-ը և շարունակում են գրոհները նրա ամբողջական ազատագրման համար։ «Վագների» եզրերում, որտեղ տեղակայված են ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, հակառակորդը մի քանի հաջող հակագրոհներ է ձեռնարկել։ Հաշվի առնելով օպերատիվ ծանր իրավիճակը, ինչպես նաև ձեր բազմամյա մարտական փորձը, խնդրում եմ, եկեք Բախմուտի տարածք, որը գտնվում է ռուսական զորամասերի վերահսկողության տակ և ինքներդ գնահատեք իրավիճակը»,- գրել է Եվգենի Պրիգոժինը։









































