ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկության մեջ բաց տեքստով նշվում է, որ ԵՄ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի շրջանակներում, ապագայում պետք է ունենա հնարավորություն սահմանափակելու երրորդ երկրներ ապրանքների արտահանումը։ Նախ որպես զսպող հանգամանք՝ առաջարկվում է ստեղծել իրավական հնարավորություն երրորդ երկրներ ԵՄ-ից արտահանման սահմանափակման համար, իսկ եթե դա բավարար արդյունք չտա, ապա հաջորդ փուլում որոշ ապրանքների արտահանումը կարող է արգելվել։
Tvyal.com կազմակերպության ղեկավար, Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց. «Որպեսզի հասկանան՝ ինչ հնարավոր վնասեր է կրելու Հայաստանը, պետք է համեմատենք 2021-ին ԵՄ-ից ներմուծումը 2022-ին ԵՄ-ից ներմուծման հետ: նաև պետք է նայել, թե ինչ ապրանքներ ենք 2022-ին ներմուծել Եվրոպայից և արտահանել Ռուսաստան: Այստեղ այն, ինչն աչքի է ընկնում, մեքենաշինության արտադրանքն է, որ 2021-ին ընդհանրապես ներմուծում չի եղել Եվրոպայից, իսկ 2022-ին այն զբաղեցրել է Եվրոպայից ներմուծման առաջին հորիզոնականը՝ 15,2 տոկոսով: Երկրորդ տեղում ավտոմեքենաներն են, որոնց աճը 4,4 անգամ է: Այս ապրանքների ներմուծումը ընդհանուր ներմուժման 13,3 տոկոսն է կազմել: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ հիմնականում աճել է մեքենաշինության, մեքենաների և տեխնիկայի ներմուծումը ԵՄ-ից և դրա համապատասխան արտահանումը դեպի Ռուսաստան: Այս շարժով է նաև բացատրվում մեր ՀՆԱ-ի աճի մի մասը:
Հայաստանից արտահանումը 2022-ին աճել է մոտ 75 տոկոսով, իսկ դեպի ԵԱՏՄ արտահանումը՝ մոտ 2,5 անգամ: Այսինքն Հայաստանը բավականին մեծ օգուտներ է քաղել այս ապրանքների վերարտահանումից»:
Աղասի Թավադյանը նկատեց, որ պաշտոնապես դա չի գրանցվում որպես վերարտահանում. Գրանցվում է, որ այս ապրանքները մենք արտահանում ենք Ռուսաստան. «Եթե հստակ օրենսդրական տույժեր չսահմանվեն, դժվար է ասել, որ այն ապրանքը, որ արտահանվել է Հայաստանից, եկել է Եվրոպայից: Այդ ամենը վերահսկելը շատ դժվար է: Այսինքն ամենայն հավանականությամբ, շարունակվելու է ապրանքների վերարտահանումը դեպի ՌԴ: Քանի որ տվյալ ապրանքների ներմուծումը Հայաստան մեծ անդրադարձ ունի ՀՆԱ աճի վրա, դրա համար դրա հնարավոր սահմանափակումը կարող է անդրադառնալ ՀՆԱ-ի զսպման վրա»,-ասաց տնտեսագետը:
Նա նկատեց, որ այս պահին հայաստանյան գործարարներին ոչ այնքան այդ պատժամիջոցներն են հետաքրքիր, որքան ռուբլու փոխարժեքը, որովհետև այժմ մեր արտահանման մոտ 45 տոկոսը գնում է դեպի Ռուսաստան. «Այս տարվա սկզբից ռուբլու փոխարժեքի զգալի անկումը բացասական անդրադառնում ոչ միայն երարտահանողների, այլև հայ գործարարների արտահանման վրա, օրինակ կոնյակագործության վրա: Այդ պրանքների մրցունակությունը ռուսական շուկայում ընկնում է»:
Հարցին, թե արդյոք մեր գործարարները հնարավոր պատժամիջոցների դեպքում անգամ, եղանակ կգտնեն վերարտահանումը դեպի ռուսական շուկա շարունակելու համար, Աղասի Թավադյանը պատասխանեց. «Տեխնիկայի, տրանսպորտի ներմուծումը բավականին մեծ անդրադարձ ունի ՀՆԱ աճի մեջ, դա ՀՆԱ աճի բաղադրիչներից մեկն է: Այսինքն այդ ապրանքների ներմուծման սահմանափակումը կարող է զսպել ՀՆԱ-ի աճը: Սակայն վերարտահանման ոլորտը հստակ չի կարգավորվում և հստակ չի գրանցվում, որ դա վերարտահանում է: Գրանցվում է որպես արտահանում, և դժվար է դա վերահսկել, նույնիսկ եթե պատժամիջոցներ լինեն: Այսինքն եթե ուղիղ ձևով չի սահմանափակվելու Եվրամիությունից ներմուծումը դեպի Հայաստան, այլ փորձելու են վերահսկել, թե ինչ է վերարտահանվում, դա դժվար է լինելու»:









































