Արաբական պետությունների Լիգայի արտգործնախարարների Խորհուրդը որոշում է կայացրել կազմակերպությունում Սիրիայի անդամությունը վերականգնելու վերաբերյալ և 2023 թվականի մայիսի 7-ից Սիրիայի հանրապետությունը վերստին Լիգայի անդամ է: Այդ որոշումը կայացվել է տևական քննարկումներից հետո: Սիրիան ԱՊԼ անդամությունից զրկվեց 2011 թվականին, երբ երկրում սկսվեց զինված բախում ընդդիմության ու իշխանության միջև: Արաբական առաջատար երկրները այդ ընթացքում միարժեք աջակցեցին ընդդիմությանը և սկզբնական շրջանում Սիրիան Լիգայում ներկայացված էր ընդդիմության դեմքով:
Այսօր սակայն, Ասադի նախագահության ներքո՝ որին տարիներ առաջ արաբական երկրները մեղադրում էին «անմեղ մարդկանց սպանելու համար», Սիրիան վերականգնում է անդամությունը Լիգային: Անկասկած է, որ դա տեղի է ունենում ներկայիս լայն համաշխարհային վերափոխումների համատեքստում, որում տեղի են ունենում արաբական աշխարհին առնչվող այլ էական փոփոխություններ: Դրանցից մեկն օրինակ արաբական երկրների և Իրանի հարաբերության կարգավորման մեկնարկն է, Իրան-Սաուդական դիվանագիտական հարաբերության վերականգնումը, որ տեղի է ունենում Չինաստանի միջնորդությամբ:
Թերևս կասկածից վեր է, որ Արաբական պետությունների Լիգայում Սիրիայի անդամության վերականգնման հարցում կա չինական դիվանագիտական ջանքի ազդեցությունը, եթե այն արտահայտվում է անգամ միջնորդավորված՝ Իրանի միջոցով: Հայտնի է նաև, որ Սիրիայի հարցում ձևավորված է քառակողմ սեղանը՝ Ռուսաստան, Սիրիա, Իրան, Թուրքիա, որտեղ ևս տեղի են ունենում կարևոր քննարկումներ: Այս իրադարձությունները առաջին հայացքից թվում են հայաստանյան օրակարգերից հեռու, մինչդեռ գործնական առումով դրանք իրենց մեջ պարունակում են շերտեր, որոնք ոչ միայն էական ազդեցություն ունեն Հայաստանի անվտանգության միջավայրում եղած առանցքային գործոնների վրա, այլ ըստ էության հենց այդ միջավայրը կազմող հիմնարար հանգամանքներ ու գործոններ են:
Իսկ, Հայաստանի արտաքին դիվանագիտական որևէ ջանք, որևէ աշխատանքային ուղղություն չի կարող ունենալ կայուն արդյունավետության հեռանկար, եթե Հայաստանը համարժեք կայուն արդյունավետությամբ չասոցացվի իր անվտանգության անմիջական կենսա-քաղաքական միջավայրի գործոններին ու հանգամանքներին, դրանցում տեղի ունեցող նուրբ տրանսֆորմացիաներին: Այդ իմաստով, ի դեպ, ողջունելի հատկանշականություն ուներ մարտին Հայաստանի արտգործնախարարի այցը Եգիպտոս, որտեղ Արարատ Միրզոյանը մասնակցեց արաբական պետությունների Լիգայի արտգործնախարարների հավաքին: Լիգան միավորում է ավելի քան քսան պետությունների, այդ թվում արաբական աշխարհի առաջատարներ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, Հորդանանը, Իրաքը: Արաբական աշխարհում տեղի են ունենում բյուրեղացման պրոցեսներ, որոնք ի զորու են էապես փոխել ոչ միայն մեծմերձավորարևելյան, այլ մեծ եվրասիական անվտանգության ճարտարապետությունը: Այդ գործընթացներում Հայաստանի աշխատանքը դառնում է աճող առաջնահերթություն:









































