«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը միտված է բարձրագույն կրթության ու գիտության ոլորտների բարեփոխմանը և նպատակ ունի լուծել մի շարք խնդիրներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է դրանցից առաջինը՝ գիտության դաշտում վարվող վիճակագրության և իրականացվող քաղաքականության համապատասխանեցումն է միջազգային չափանիշներին:
Նախարարը նշել է, որ նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա:
«Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց գիտության, իսկ գիտությունն էլ իր հերթին պետք է անպայման համադրված լինի և կապեր ունենա կրթական ծրագրերի հետ։ Կոմիտեի առկայությունը հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումը և իրացումը դարձնելու իրականություն: Վերակազմավորված կոմիտեն գործելու է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ»,-հավելել է նախարարը:
Նախարարը նաև նշել է, որ փաթեթի ընդունումից հետո մշակվելու և ՀՀ կառավարության կողմից հաստատվելու է կոմիտեի կանոնադրությունը, այնուհետև տեղի է ունենալու հաստիքացուցակի ու մնացած մանրամասների հաստատման գործընթաց, հաշվի է առնվելու աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և փորձառությունը:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով վերակազնավորված կոմիտեին, նշեց, որ այդ կառավարիչը կլինի բարձրագույն կրթության և գիտության գծով փոխնախարար, թե Կոմիտեի նախագահ, դա շատ բան չի փոխելու.
«Այս փոփոխության մեջ մի խնդիր կա, որ մենք, ըստ էության, կորցնում ենք Բարձրագույն որակավորման կոմիտեն որպես առանձին մարմին, որովհետև այն լուծարվում է և միանում այս կոմիտեին: Ես այստեղ խնդիր տեսնում եմ: Մեզ դեռևս պետք է հնարավորինս անկախ և ուժեղ ԲՈԿ, բայց, ցավոք, այդ բարեփոխումը, որը դեռևս Սմբատ Գոգյանը փորձում էր իրականացնել, ըստ էության, ձախողվեց, որովհետև գուցե մեզ պետք չի ունենալ ուժեղ և անկախ մարմիններ»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե իշխանություներին ձեռնտու չէ՞ ունենալ անկախ և ուժեղ մարմիններ, Սերոբ Խաչատրյանն ասաց. «Ես չէի ասի, թե նպատակը դա է, բայց վերջին շրջանի այդ քարոզը, որ եթե բուհերը միացնենք գիտական հաստատություններին, նախարարության բարձրագույն կրթության վարչությունը միացնենք գիտության կոմիտեին, դրանից ինչ-որ բան կփոխվի համալսարանների լսարաններում կամ հետազոտություններում, ես չեմ կարծում, որ դա այդպես է»:
Խաչատրյանի խոսքով՝ կարելի է նույն տրամաբանությամբ հակառակ փաստարկները բերել, որ գիտության և կրթության առանձին կառավարումը նույնպես կարող է արդյունավետ լինել, որովհետև ավելի մասնագիտացված կլինի կառավարումը և դրանից համակարգը կշահի:
«Այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե այդ նոր ստեղծվող կոմիտեի արդյունավետությունն ինչպիսին է լինելու: Եթե լինեն լավ կառավարիչներ, իրականացվի խելացի քաղաքականություն, լավ կլինի: Բայց առանց այդ փոփոխության էլ դա կարելի է անել: Օրինակ, մեզ ժամանակին համոզում էին, որ երեք նախարարություններն իրար միացնելը՝ կրթություն, մշակույթ և սպորտ, շատ լավ է, բայց հիմա մենք տեսնում ենք, որ այդ միացման արդյունքում բավական խնդիրներ են առաջացել, նախարարությունն ավելի ուշ է արձագանքում, չի հասցնում, ռեսուրսները չեն բավականացնում: Որովհետև, իրոք, դժվար է, որ մեկը կառավարի 5 ոլորտ: Դրա համար կառուցվածքային փոփոխություններն ինձ այդքան չեն հուզում, որքան հուզում է այն, թե ինչպես կկառավարվի դրանից հետո»,-ասաց նա:
Ավելին, ըստ նրա՝ գործող կառուցվածքով էլ կարելի է դա անել․ երբ ասվում է, որ պետք է միացնենք, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը իրար միանան, դա համոզիչ չի, որովհետև կարելի է ասել, որ նեղ մասնագիտացված կառավարումն էլ իր առավելություններն ունի: Այստեղ խնդիրը այն է, թե ովքեր են կառավարելու այդ համակարգը և ինչպես․ աա է գլխավոր հարցը:
«Նախարարություն արդեն հրապարակել է իր ծրագրում սպասվող արդյունքները, շատ հավակնոտ արդյունքներ են, որ առնվազն 4 բուհ պետք է աշխարհի լավագույն համալսարանների մեջ մտնեն: Հիմա խնդիրը դրա իրականացնումն է: Մենք պետըք է գնահատանեք նրանով, թե ինչպես է դա իրականացվում: Մեզ մոտ, ցավոք, շեշտը դրվում է փաստաթղթեր ընդունելու և կառուցվածքներ փոխելու վրա: Բայց այդ երկուսն էլ մարդկանց վրա կարող են ունենալ զրո ազդեցություն, որովհետև մարդիկ կարող է ոչ այդ փաստաթուղթը կարդալ, ոչ էլ կառուցվածքի փոփոխությունից իրենց աշխատաոճը փոխեն:
Հիմա այն մարդիկ, որ նախարարությունում աշխատում են, հիմա ավելի լա՞վ են աշխատում, քան այն ժամանակ, երբ նախարարություններն առանձին էին: Ես կարծում եմ՝ նույն բանն են անում, հետևաբար, դա այդքան էլ կարևոր չէ: Ուղղակի մեզ մոտ միտում կա օրակարգը լցնել ինչ-որ բաներով, ցույց տալ, թե տեսեք, մենք բարեփոխումներ ենք անում: Բայց այս 30 տարվա մեջ ոչ ոք չի խոսել այդ բարեփոխումների արդյունքի մասին: Ոչ ոք չի ասում՝ այ, 10 տարի առաջ փոխեցինք, տեսեք հիմա դրա արդյունքում այսինչ բանը շատ լավ է: Բոլորը խոսում են այն մասին, որ այս քայլը անենք, կլանավ: Իսկ երբ գալիս է լավանալու ժամանակը, արդեն ուրիշ նախարար է լինում, որը սկսում է իր բարեփոխումների ալիքը: Այսինքն՝ ունենք փոփոխությունների իմիտացիա՝ առանց շոշափելի արդյունքների»,-հավելեց նա։











































