«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանն ահազանգում է, որ հազարավոր գյուղացիներ չեն կարողանում վաճառել հազարավոր տոննաներով իրենց խնձորն ու կարտոֆիլը: Արտահանման գործընթացում տարբեր բարդությունների պատճառով հազարավոր մարդիկ կրում են ահռելի նյութական վնասներ։
Ակնհայտ է, որ տարիներ շարունակ արտահանման ոլորտում գոյություն ունեցող այս հիմնախնդիրը չի լուծվում, երբ պարբերաբար Լարսի ճանապարհն է փակվում, երբ զանազան այլ խոչընդոտներ են ստեղծում արտահանման համար։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ այս ամենը արհեստական ստեղծված դժվարություններ են, ռուսական կողմը պարբերաբար նման խնդիրներ է առաջացնում Լարսի անցակետում:
«Մենք անցած տարի էլ ամռան և անգամ աշնան սեզոնին ունեինք այդպիսի խնդիրներ: Մի կողմից կաթնամթերքի արտահանման սահմանափակում է դրվել, մյուս կողմից այլ ապրանքների նկատմամբ նմանատիպ խնդիրներ են ստեղծվում: Դրանք արհեստական խոչընդոտներ են և պետք է ուղղակի միջպետական հարաբերությունների մակարդակով լուծումներ գտնվեն»,-ասաց նա:
Նախկին փոխնախարար նկատեց, որ Հայաստանը թեև ԵԱՏՄ անդամ երկիր է, բայց բացարձակապես այդ արտոնությունից չի օգտվում. «Ադրբեջանը, Թուրքիան այդ նույն անցակետով շատ ավելի ազատ ու անկաշկանդ են երթևեկում, քան մենք, որ ԵԱՏՄ անդամ ենք: Ժամանակին շատ մեծ ոգևորություն ունեինք, որ 150 միլիոնանոց շուկա է մեզ համար բացվում, բայց բանից պարզվեց, որ դա այդքան էլ այդպես չէ: բոլոր ժամանակներում էլ մեր արտահանողները ստիպված են եղել շատ մեծ դժվարություններ հաղթահարել և Լարսի անցակետում, և Հյուսիսային Կովկասի հանրապետություններով անցնելիս: Ամեն տեղ մեր բեռնափոխադրողների համար խնդիրներ են ստեղծել: Հիմա էլ նույնն է:
Հիմա ամենամեծ արտահանումների սեզոնը չի: Այ երբ հունիսի կեսերից կսկսենք ծիրանի և այլ պտղատեսակների արտահանումը, այն ժամանակ շատ ավելի լուրջ խնդրի առջև կարող ենք կանգնել: Համենայնդեպս, շատ մտահոգված եմ, որ այդ ժամանակահատվածում, եթե այսպես շարունակվի, որևէ բան չփոխվի, մենք խնդիր ենք ունենալու: ԵԱՏՄ-ում մեր ներկայացուցիչները շատ լուջ պետք է զբաղվեն, մենք այնտեղ նախարար ունենք, խորհրդի անդամներ ունենք»,-հայտարարեց Գառնիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ նախկինում եթե խնդիրներ էին ստեղծվում, դրանք ուղղակի կոռուպցիոն ռիսկերի հետևանք էին և դա հասկանալի էր. «Բայց հիմա արդեն դժվար չի հասկանալ, որ սա ավելի շատ քաղաքական շարժառիթներ ունի: Վերջին իրադարձությունները հիմք են տալիս ենթադրելու, որ պատճառները քաղաքական են»,-ընդգծեց նա:








































