Ոստիկանության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում մի կնոջից ահազանգ է ստացվել. կինը հայտնում էր, որ իրեն է զանգահարել հարևանը և հայտնել, որ իր կինը` 34-ամյա Ռոզա Ալոյանը, տանը վնասել է իր երկու դեռահաս երեխաներին և փակելով դուռը` հեռացել է:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ վիճակում:
Ռոզա Ալոյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տանը սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին:
Ռոզա Ալոյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Հարևանների պնդմամբ` կինը «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամ է եղել: Բացի այդ, նա աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով, ասում են` հոգեկան խնդիրներ է ունեցել:








































