Սիրիայի Հոմս քաղաքը, որը, թվում էր, վերահսկվում է սիրիական իշխանությունների կողմից, նորից արյունալի բախումների թատերաբեմի է վերածվել: Այսօր այստեղ սկսվել են բախումներ ցուցարարների և զինվորականների միջև։ Բանակը ողջ գիշերվա ընթացքում ռմբակոծել է ցուցարարներին, որի հետևանքով մի քանի մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում անելով տեղի բնակչությանը և իրավապաշտպաններին:
Իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդում են 7 զոհի մասին: «Ամբողջ գիշեր այստեղ կրակել են: Կրակոցներն ընդհանրապես չեն դադարել: Ես հաստատ չգիտեմ, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, քանի որ վախենում եմ դուրս գալ փողոց»,- գործակալությանն ասել է հոմսեցիներից մեկը: Իրավապաշտպանները պատմել են, որ Հոմսը կրկին շրջապատված է, որոշ շրջաններում անջատված է կապն ու էլեկտրականությունը:








































